Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, ծանոթանալով մարտի 14-ին Հայաստանի ոստիկանության կողմից հրապարակած տեսանյութին, այսօր ուղարկել է պատասխան նամակ՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունով։
Վերոհիշյալ տեսանյութում ոստիկանությունը քննադատորեն անդրադարձել է Հայաստանում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների ուսումնասիրությանը, որը պատրաստվել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի եւ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (UNICEF) եւ «Միջազգային բանտային բարեփոխումներե կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Ուսումնասիրությունը հանրության է ներկայացվել մարտի 13-ին։ Այն բացահայտել է նախաքննության եւ դատաքննության փուլերում, ինչպես նաեւ՝ ազատազրկված անչափահասների իրավունքների ոտնահարման դեպքեր։
Որպես հետազոտության համահեղինակ, ինստիտուտն իր նամակում ողջունում է ՀՀ ոստիկանության համագործակցության կոչը եւ պատրաստակամություն է հայտնում շարունակելու համատեղ աշխատանքը՝ կառուցվածքային փոփոխություններ բերելու նպատակով։
Միեւնույն ժամանակ, ՔՀԻ-ն շեշտել է, որ խոշտանգումները, որպես երեւույթ, գոյություն ունեն Հայաստանում եւ դա վերաբերում է թե՛ անչափահասներին, թե՛ չափահասներին, որոնք առնչվել են ոստիկանության հետ։ Հիմնականում խոշտանգումների զոհերը մինչեւ մեղադրանքի առաջադրումը չեն բարձրաձայնում իրենց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի մասին՝ վախենալով, որ իրենց վիճակը կարող են վատթարացնել: Բազմաթիվ հայտարարություններ լինում են դատական փուլում, որոնք արվում են տուժողների կողմից: Սակայն դատական մոնիտորինգը ցույց է տալիս, որ այդ հայտարարությունների հետ կապված օրենքով սահմանված կարգով գործին ընթացք չի տրվում:
Ի պատասխան ոստիկանության խնդրանքին ներկայացնել կոնկրետ փաստեր, ՔՀԻ–ն նշել է, որ այս ուսումնասիրությունն իրականացվել է անանուն հարցազրույցների հիման վրա, որոնք անցկացվել են թվով 86 անչափահասների, այդ թվում կալանավորվածների, դատապարտյալների եւ ոլորտի մասնագետների հետ (դատավոր, փաստաբան, քննիչ, դատախազ, «Աբովյանե քրեակատարողական հիմնարկի, Հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի, տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ)։ Հարցազրույցների անցկացումը նպատակ է ունեցել բացահայտել երեւույթը:
Եվ չնայած այս ուսումնասիրության մեթոդաբանությունը թույլ չի տալիս բացահայտել տեղեկատվական աղբյուրները, այնուամենայնիվ ՔՀԻ–ի մեկ այլ ուսունասիրության՝ Անչափահասների գործերի դատավարությունների դիտարկման ընթացքում վերհանել է մի շարք խնդիրներ։ ՔՀԻ–ն ՀՀ ոստիկանության ուշադրության է ներկայացրել երկու դեպք, երբ անչափահաս անձինք դատարանում բարձրաձայնել են իրավապահ մարմինների կողմից վատ վերաբերմունքի, մասնավորապես՝ ծեծի մասին։ Արված հայտարարությունների վերաբերյալ պատշաճ քննություն չի իրականացվել: Նամակին կից ոստիկանությանը ուղարկվել է այդ երկու գործերի տվյալները եւ ձայնագրությունը։
Ուսումնասիրության մեջ տեղ են գտել մի շարք առաջարկություններ, որոնք ՔՀԻ-ն առաջարկել է քննարկել ՀՀ ոստիկանության համապատասխան մասնագետների հետ։
Ի դեպ, ուսումնասիրության բյուջեն ոստիկանության հայտարարության մեջ չափազանցված է գրեթե 200 անգամ:



























