Հրաչյա Հովակիմյանը դեռ չի հասցրել, բայց անպայման պատրաստվում է նշել իր` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն նշանակվելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնօրենը` հավելելով, որ նոր չի անցնում պաշտոնի, որ ուրախանա դրանով:
Նա ասաց, որ 100 օրը լրանալուն պես որոշել է հրավիրել բոլոր լրագրողներին, բնապահպաններին եւ հ/կ-ներին, մամուլի ասուլիս անել բաց երկնքի տակ եւ նշել 100 օրը շամպայնով, էկոլոգիապես մաքուր կերակրատեսակներով:Հարցին` որսի միս եք պատիվ տալու, նա պատասխանեց, որ կյանքում որսի միս կերած չկա, չգիտի էլ` դա էկոլոգիապես մաքուր է, թե ոչ:
Թե ինչպես հաջողվեց բարձր միավորներ հավաքել տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում, նա նշեց` պատվի հարց էր: Հրաչյա Հովակիմյանը հավելեց, որ ավելի քան 200 հարց անգիր էր սովորել. «Պարապում էի տանը, աշխատանքի վայրում աչքի էի անցկացնում, գալիս էի տուն, գիշերը մինչեւ 2-ը նստում, պարապում էի, առավոտյան տալիս էի տնեցիներին, հարցերը տալիս էին, ես պատասխանում էի, իսկ վերջին մի երկու օրն էլ ընդհանրապես գործի չգնացի,գիշերները նստել պարապել եմ, ամփոփեցի ամբողջը եւ ստացվեց, հետո առաջին անգամ չէր, որ քննություն էի տալիս, քաղծառայությունը անցել էի, լիքը հարցերի պատասխաններ գիտի»,- ասաց տնօրենը` հավելելով, որ
մի քիչ խնդիր էին ներկայացնում տերմինները, որոնց վրա ուշադրություն դարձրեց:
Դրանից բացի` լավ պարապելուն «նպաստեց» նաեւ նախորդ տնօրենի քննությանը ձախողվելը, ինչպես նաեւ մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը: Թե հատկապես որ արժանիքի համար երեք բարձր միավոր հավաքած թեկնածուներից իրեն ընտրեցին, նա խորհուրդ տվեց դիմել նախարարին: «Ես կարծում եմ, որ իմ երեք ամսվա աշխատանքով արդեն ցույց տվեցի իմ ով լինելը, գործի մարդ լինելը եւ հասկանալը, դրա համար էլ նախարարը այդ որոշումը կայացրեց»,- ասաց Հրաչյա Հովակիմյանը` շեշտելով, որ շատ գոհ է իր աշխատանքից:
Հարցին, թե եթե ոչ դուք, ապա ով պետք է զբաղեցներ այդ պաշտոնը, նա պատասխանեց` Ալբերտ Դումիկյանը, քանի որ նա տարիների փորձ ունի, իսկ մնացած թեկնածուներից ոչ մեկին չի համարում, որ կարող են արգելոցի տնօրեն լինել:
Հրաչյա Հովակիմյանը նշեց, որ տնօրենի պաշտոնում անելու է այն, ինչ չի արել, իսկ ինչ չի ստացվի, կաշխատի նորից անել: Այդքան ուժ կունենա նորանշանակ տնօրենը` թույլ չտալու օլիգարխներին որս անել Խոսրովի անտառում հարցին նա պատասխանեց, որ բռնցքամարտիկ է եղել, եւ ֆիզիկապես է եւ հոգեպես ուժեղ է:
Նա վստահեցրեց, որ նման բան չկա, կա օրենք, Խոսրովի կանոնադրություն, կա ռեժիմի խախտում, եւ իրենք պահպանելու են անտառը: «Եթե մարդ ցանկություն ունի գա, տեսնելու տարածքը, զբոսնելու, մեծ ուրախությամբ կընդունեմ, կդիմավորեն եւ կճանապարհեմ, որովհետեւ մենք էկոտուրիզմ ունենք, իսկ որսի համար էնքան տեղեր կան, կարող են գնալ, ես ոչ մեկի ոչ կհրավիրեմ, ոչ էլ թույլ կտամ որս անել»,- նշեց նա:
«Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենը նշեց, որ ինքը չի վախենում քննադատությունից, գուցե մի տեղ էլ զգաստանում է: Նա պատրաստակամություն է հայտնել աշխատել իրեն քննադատող բնապահպանների հետ, հրավիրել նրանց իր մոտ, ընդգրկել աշխատանքներում, որպեսզի տեսնեն իր աշխատանքը եւ փոխեն դիրքորոշումը իր մասին: Անդրադառնալով Խոսրովի անտառի տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթի շուրջ առաջացած աղմուկին, բնապահպանների պնդումներին, թե նա համապատսխան թեկնածու չէ այդ պաշտոնի համար, Հրաչյա Հովակիմյանը արձագանքեց, որ «բնապահպանների ասելով չէ, իրենք չեն որոշում` ինքը կարող է աշխատել, թե ոչ»:
Նշենք, որ մարտի 15-ին, կայացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: 11 թեկնածուներից մրցույթին չի մասնակցել 4-ը: Ըստ մրցույթի արդյունքների` 70 տոկոսանոց շեմը հաղթահարել են 3 թեկնածու` Վարանցով Բարսեղյանը` 78,5 տոկոս, Հրաչյա Հովակիմյանը` 98 տոկոս, Գառնիկ Շաբոյանը` 70,8 տոկոս: Բնապահպանության նախարարը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն է նշանակել Հրաչյա Հովակիմյանին:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հովակիմյանը նշանակվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չէր նշանակվել այդ պաշտոնում` գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով նաեւ լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել էր ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: Այդ հիմքով իսկ կասեցվել էր տնօրենի նշանակման գործընթացը: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ինչպես Գաբրիել Պողոսյանը, այնպես էլ Հրաչյա Հովակիմյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «հովանավորյալներն են»:




























