Գեղարքունիքի մարզում այսօր` մարտի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, հայտնաբերվել է դեռեւս մարտի 16-ից կորած Նորատուս գյուղի բնակիչ 22-ամյա Կարեն Կարապետյանի դիակը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Երիտասարդի դիակի մոտ հայտնաբերվել է  որսորդական հրացան,  որը տանից դուրս գալիս վերցրել էր իր հետ, իսկ ծնոտի մասում հրազենային վնասվածք էր:

Ի դեպ, Կարեն Կարապետյանը Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի ուսանող է, Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկի որդին եւ Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանի քրոջ տղան:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Կարապետյանի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով՝ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի կինոլոգիական խումբը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 17-ին, ժամը 17.25-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները, չտալով արդյունք, դադարեցվել են:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին, ժամը 02.35-ին ահազանգ էր ստացվել, որ մարտի 16-ին ժամը 09.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Կարապետյանը տանից դուրս է եկել եւ չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն: