Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեցին «168» ժամ թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Առավոտի» գլխավոր խմբագիրը շեշտեց, որ այս անգամ 2008թ մարտի 1-ի կրկնությունը չենք տեսնի, որովհետեւ թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Սերժ Սարգսյանը հակված չեն գնալ բախումների: Իսկ Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ պետք է լինի երկխոսություն՝ անկախ նրանից, թե ինչ որակումներ կտրվեն դրան հասարակության կամ քաղաքական ուժերի կողմից:
Երկու խմբագիրների մոտ էլ «Ժառանգության» առաջնորդի քայլերը ոչ կազմակերպված, տարերային լինելու տպավորություն են թողնում: Իսկ թե Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան աղմկահարույց հանդիպման վերաբերյալ որ կողմի ներկայացրած փաստարկներն են արժանահավատ, ապա «168 ժամի» խմբագիրն ասաց, որ թնջուկը կարող է հանգուցալուծվել, եթե հրապարակվի տեսաձայնագրությունը:
Նրա խոսքով՝ այդ հանդիպման վերաբերյալ Սերժ Սարգսյանի հաղորդած մանրամասներն- ավելի պրագմատիկ են, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հերքումները փաստարկված չեն, քանի որ ի վերջո պարզ չէ՝ ինչ են խոսել: «Առավոտի» գլխավոր խմբագիրն էլ առաջարկում է հավատալ երկուս խոսքին կիսով չափ, այսինքն՝ խառնել նրանց հացորդած ինֆորմացիան եւ բաժանել երկուսի: Նա շեշտեց, որ երկուսն էլ իրենց շահերից ելնելով են ներկայացնում իրավիճակը, հնարավոր է՝ խնդիր կա նաեւ լեզվամտածողության եւ ուղղագրության հետ:
Խոսելով ապրիլի 9-ի մասին՝ Արամ Աբրահամյանն ասաց, որ այդ օրը Սերժ Սարգսյանը կգնա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր եւ կերդվի Սահմանադրության եւ Աստվածաշնչի վրա, իսկ Ազատության հրապարակում Սահմանադրության եւ Աստվածաշնչի մեկ այլ օրինակի վրա կերդվի Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա կիսվեց նաեւ նախագահի երկուսուկես ժամանոց ասուլիսից ստացած տպավորություններով եւ նշեց, որ Սերժ Սարգսյանը հանդես է եկել իշխանության քաղաքական օրակարգի ձեւակերպումներով:
Ի դեպ, երկու խմբագիրներն էլ հայտարարեցին, որ նախագահական ընտրություններին քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին, եւ կարող են կրկնել իրենց ընտրությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























