Մարտի 22-ին Երեւանի պետական բժշկական համալսարանի մոտից երիտասարդ բժիշկները «Հայաստանն առանց տուբերկուլոզի» ծրագրի շրջանակներում կմեկնեն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որտեղ գյուղական բնակչության շրջանում կանցկացնեն անվճար ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ։ Հետազոտությունները կիրականացվեն մարտի 22-24-ը շարժական ֆլյուրոգրաֆիական կենտրոնների միջոցով։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ։ Ծրագրի գործընկերներն են Հայաստանի ՊՆ-ն, Առողջապահության նախարարությունը, ՀՀ տուբդիսպանսերը, ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը։
Բժշկական համալսարանի ուսանողները Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կկազմակերպեն նաեւ դասընթացներ` տուբերկուլոզ հիվանդության, նրա բուժման եւ կանխարգելման վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է բնակչության շրջանում ձեւավորել հիվանդությունների սկրինինգի մշակույթը, նպաստել շնչառական համակարգի ախտերով հիվանդների առողջության բարելավմանը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր։



























