Առջեւում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, որոնք զուտ ավագանու ընտրությոններ չեն, այլ քաղաքական բովանդակություն ունեն: Բայց նույնիսկ այստեղ ընդդիմադիր ուժերը չեկան մի որոշման, որպեսզի մի կազմով ներկայանան, եւ եթե այս կազմով մասնակցեն, կնպաստեն իշխանական թեկնածուի վերարտադրմանը: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Նա նշեց, որ իր համար անհասկանալի էր, թե ինչու անցած նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն չմասնակցեցին եւ ինչու են այժմ մասնակցում, անհասկանալի էր նաեւ նրանց քաղաքական հիմնավորումը չմասնակցության վերաբերյալ: Նա շեշտեց, որ քաղաքական ուժերը բազմաթիվ անելիքներ ունեն, որպես օրինակ բերելով նախագահական ընտրությունները, որի ժամանակ շատ տեղամասերում հսկողությունը դրված էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների, դիտորդների վրա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ  նշեց, որ եթե չստացվեց միասնական հանդես գալ, ապա գոնե պետք է ստեղծել միասնական շտաբ, որը կվերահսկի ընտրությունների ընթացքը, բայց այն ավելի լավը լինի, քան Հմայակ Հովհաննիսյանի ղեկավարածը:

Արամ Աբրահամյանի խոսքով՝ եթե ընտրություններին մասնակցի ԲՀԿ-ն, նա ունի մարդկային ռեսուրս, կվարձի հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձինք, որոնք կփորձեն պահել իրենց քվեները, իսկ մնացած կուսակցությունները գումարային եւ դրանից բխող մարդկային ռեսուրսը չունեն:

 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am