Հիմնական խնդիրն այն է, որ ընդդիմության առաջնորդը պետք է ձեւավորի  քաղաքական օրակարգ:  Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Նա շեշտեց, որ ներկա տրամաբանությամբ քաղաքական պրոցեսը հնարավոր չէ տանել, իսկ այն մարդիկ,  որոնք գալիս են Ազատության հրապարակ, քաղաքական պահանջներ են առաջ քաշում:

Համեմատելով նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ ստեղծված իրավիճակը՝ «Առավոտի» գլխավոր խմբագիրը դրական առաջընթաց արձանագրեց՝ շեշտելով, որ այստեղ մեծ դեր ուներ սոցիալական մեդիան, լրատվամիջոցներն ավելի ազատ էին, պաշտոնական հակաքարոզչություն նույնիսկ «Հայլուրը» չէր անում: Արամ  Աբրահամյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ունի հասարակության լեգիտիմության հետ կապված խնդիր: «Սերժ Սարգսյանն իրական պատկերացում ունի, թե ինչ է կատարվում երկրում, ուրիշ բան, թե ինչպես է նա դա մեկնաբանում իր մեջ եւ ինչպես է ներկայացնում հասարակությանը, լրագրողներին»,- ասաց նա:

Ասուլիսի մյյուս բանախոսը՝ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն էլ ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի կարողացել այդ հրապարակը դարձնել իրենը, նա շատ լավ գիտի, որ այդ ձայները միայն իրենը չեն, այլ իշխանությունից դժգոհ, իշխանությանը դեմ քվեարկած ձայներն են: «Ստացվում է այնպես, որ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը այնքան էին կտրված հասարակությունից, որ չէին սպասում նման արդյունք: Տեղյակ չէին այդ դժգոհության չափին եւ տարված էին ներկուսակացական մանր խնդիրներով»,- նշեց Սաթիկ Սեյրանյանը: Գլխավոր խմբագրի խոսքով՝ քաղաքացիական շարժումները չպետք է հակադրել իրար եւ չպետք է հակադրել քաղաքականին, եւ այդտեղ ընդդիմության լիդերը պետք է որոշում կայացնի, պետք է իմանա, թե հաջորդ քայլն ինչ է լինելու:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am