«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն (ԹԻ ՀԿ) դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` խնդրելով քննության առնել ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի դրսեւորած վարքագծի համապատասխանությունը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններին:
Կենտրոնի տարածած հաղորդագրությունում ասվում է.
«2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրություններին թիվ 17/5 ընտրական տեղամասում որպես դիտորդ մասնակցել է ԹԻ ՀԿ-ում պրակտիկա անցնող ԱՄՆ-ի քաղաքացի Նարինե Էսմաելին, ով դիտորդական առաքելություն է իրականացրել «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի անունից: Նշված տեղամասում քվեատուփի լցոնման փաստով ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, որով Նարինե Էսմաելին հանդես է գալիս որպես վկա:
2013թ.-ի մարտի 1-ին Նարինե Էսմաելիի եւ հանձնաժողովի քարտուղարի միջեւ առերես հարցաքննության ժամանակ, քննչական գործողությունը ձայնագրելու անհրաժեշտության եւ օրինականության շուրջ վիճաբանություն է ծագել Նարինե Էսմաելիի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանի եւ գործով քննիչ Հովակիմյանի միջեւ: Թեեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի արգելում վկայի հարցաքննության ժամանակ ձայնագրառում կատարելը, այդուհանդերձ քննիչը թույլ չի տվել փաստաբանին ձայնագրելու առերեսումը: Շուրջ 40 րոպե վիճաբանելուց հետո, քննիչը դուրս է եկել սենյակից եւ այնուհետեւ ներս մտել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, ով բարձրաձայն գոռգոռալով, վկայի եւ նրա ներկայացուցչի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելով, արգելել է ձայնագրություն կատարել եւ կարգադրել է քննիչներից մեկին (սենյակում ներկա են եղել հինգ քննիչ), որ ձայնագրիչը նետի զուգարան: Այնուհետեւ, չսպասելով իր կարգադրության կատարմանը, Տիգրան Եգորյանի ձեռքից կոպտորեն խլել է ձայնագրիչը եւ նետել պահարանի մեջ: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ այդ ընթացում ինչ-որ մեկը հաջողացրել է ջնջել ձայնագրությունը:
Նշված միջադեպի մասին «Իրավունքի Եվրոպա միավորում» եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները մամուլում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում (www.hetq.am, www.news.am) հրապարակել են հայտարարությունը` դատապարտելով ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ նրա ղեկավարի ոչ իրավաչափ վարքագիծը ընտրախախտումների գործերով քննության ընթացքում:
2013թ. մարտի 6-ին ՀՔԾ-ն իր պաշտոնական կայքում եւ լրատվամիջոցներով տարածել է հայտարարություն, որում, հղում կատարելով ՀՀ քրեադատավարական օրենսդրությանը, փորձել է հիմնավորել ՀՔԾ պետի եւ քննիչի գործողությունների իրավաչափությունը` բացարձակ սուտ որակելով մեր հայտարարության մեջ վկայակոչած հոգեբանական ճնշման եւ ձայնագրառումը ապօրինի արգելելու փաստերը: Սակայն, իրենց իսկ մատնանշած քրեադատավարական նորմերը (հոդված 201, հոդված 206) չեն պարունակում դրույթներ քննչական գործողությունը ձայնագրելու արգելքի մասին:
«Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները, այդ թվում` «հարգել օրենքը եւ ենթարկվել օրենքին, իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, ամենուր եւ ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսեւորել իր պաշտոնին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր լիազորություններն իրականացնելիս» (հոդված 28, մաս 3, կետ1, 3,4,5):
Ակնհայտ է, որ Մ.Միրզոյանի վերոնշյալ վարքագիծը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաեւ հարգանքի եւ վստահության ձեւավորումը նրա ներկայացրած մարմնի` ՀՔԾ-ի նկատմամբ, մասնավորապես, ընտրախախտումների գործերի օբյեկտիվ քննության եւ բացահայտման առումով»:



























