Ներկայումս Վրաստանի հայաբնակ Ջավախք շրջանի ինքնավարության մասին խոսք չկա: Այդ մասին այսօր՝ մարտի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Ջավախքի ինքնավարության մասին այս պահին խոսք չկա: Այդ մասին սկսեցին խոսել Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման վերջին տարիներին, երբ տարածաշրջանում լարվածությունն ուժեղացավ», - նշել է Թորոսյանը: Նրա խոսքով՝ Ջավախքի բնակիչներն առայսօր, թեեւ Սահակաշվիլիի աշխատակազմի հավաստիացումներին, բնավ էլ Վրաստանի լիիրավ քաղաքացի չէին: «Հուսով ենք, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կկատարի խոստումները, եւ այդ ժամանակ Ջավախքի բնակիչներն իրոք Վրաստանի լիիրավ քաղաքացիներ կդառնան»:
Թորոսյանի խոսքով՝ այս պահին արդեն դրական տեղաշարժեր են նկատվում: «Խնդիրները շատ են, դրանց մասին շատ է խոսվել: Վրաստանում Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո Ջավախքում մեծ հույսեր են կապում: Խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Ջավախքում բռնությունը դադարել է, վախի մթնոլորտը՝ վերացել, բանտերից ազատվել են քաղբանտարկյալները, առաջին հերթին՝ Վահագն Չախալյանը: Հանվել է մի շարք գործիչների Վրաստան մուտքի արգելքը, այդ թվում՝ ինձ համար: Բացի այդ, կարեւոր է, որ Բիձինա Իվանիշվիլին Երեւանում եւս հաստատել էր տված խոստումներն իրականացնելու պատրաստակամությունը», - նշել է Շիրակ Թորոսյանը՝ միաժամանակ հավելելով, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դրանց իրագործմանը խոչընդոտելու բավարար իրավասություններ ունի:
Խոսելով տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մասին, Շիրակ Թորոսյանը հիշեցրել է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հռչակել է երկրի զարգացման առաջնահերթությունները, որոնց շարքում է գյուղատնտեսությունը: Այդ առումով, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կնպաստի Վրաստանի զարգացմանը, հավելել է նա:
Թորոսյանի խոսքով՝ Վրաստանի տարածաշրջանները, այդ թվում Ջավախքը, պետք է կառավարությանը զարգացման ծրագրեր ներկայացնեն, որոնց համար նախատեսվում է մեծ միջոցներ հատկացնել: «Բայց կան նաեւ խնդիրներ: Հայտնի է, որ Ջավախքում գյուղատնտեսության հիմնական ուղղությունը կարտոֆիլն է, ընդ որում էկոլոգիապես մաքուր, առանց քիմիական հավելումների:
Սակայն Վրաստանի իշխանությունները թույլ են տվել երկիր էժան կարտոֆիլ ներմուծել: Արդյունքում, Ջավախքի ավելի թանկ, բայց էկոլոգիապես մաքուր կարտոֆիլը իրացում չի գտնում: Այս խնդրի վրա պետք է ուշադրություն դարձնել»,-ընդգծել է Շիրակ Թորոսյանը:




























