Վրաստանի խորհրդարանի պատգամավորները մ,արտի 21-ին ձեռնամուխ են եղել նախագահի լիազորություններին առնչվող սահմանադրական փոփոխությունների քննարկմանը: «Վրացական երազանքի» առաջարկած փոփոխությունների քննարկումները կարող են շարունակվել նաեւ մարտի 22-ին, ինչից հետո կանցկացվի քվեարկությունը:

Հիշեցնենք, նախօրեին նախագահ Սահակաշվիլին հայտարարել էր, որ խորհրդարանական փոքրամասնությունը պատրաստ է աջակցել սահմանադրական փոփոխություններին, եթե խորհրդարանում վարկանիշային քվեարկություն անցկացվի՝ փոփոխություններն ընդունելուն անհրաժեշտ պակաս ձայների թիվը ճշտելու համար:

Միաժամանակ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հակադարձել էր, որ սահմանադրական փոփոխությունների հարցով վարկանիշային քվեարկության անցկացումը ճիշտ չէ, հայտնում է «Գռուզիա Online»-ը:

«Ուզում են թող քվեարկեն, չեն ուզում՝ չքվեարկեն: Դրանով իրենց դեմքը ցույց կտան: Ոչ ոք նրանցից ձայն չի պահանջել», - ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ հարցին լուծում պետք է տա խորհրդարանը, եւ, ըստ նրա, խորհրդարանը կմերժի:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ նախագահը պահպանում է կառավարությունը ցրելու իրավունքը, սակայն կառավարությունը պարտականությունների կատարումը պետք է շարունակի այնքան ժամանակ, քանի դեռ  խորհրդարանը չի հաստատել նոր կառավարության կազմը:

Միաժամանակ, մնում է այն սահմանափակումը, որով խորհրդարանն ընտրվելուց հետո վեց ամսվա ընթացքում՝ նախքան նախագահական ընտրությունները, նախագահը խորհրդարանը ցրելու իրավունք չունի, բացառությամբ այն դեպքի, եթե խորհրդարանը երեք անգամ մերժի նախագահի ներկայացրած կառավարության կազմի հաստատումը: