Թուրք-մեսխեթցիների վերադարձը մտնում է պարտավորությունների մեջ, որ Վրաստանը ստանձնել է Եվրախորհուրդ մտնելիս: Այդ մասին այսօր` մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Միեւնույն ժամանակ Թորոսյանն ընդգծել է, թե հարցի շուրջ ակտիվորեն լոբբինգ են արել թուրք-ադրբեջանական շրջանակները, եւ այդ ծրագրի իրագործմանը զգալի միջոցներ են ներդրել: «Թուրք-մեսխեթցիները, ինչպես անվանումն է հուշում, գնացել են Մցխեթայից, եւ պետք է վերադառնան այնտեղ: Ջավախքում մի քանի մահմեդական գյուղ է եղել, եւ եթե անգամ վերադառնան, դա չի փոխի պատկերը»,- նշել է Թորոսյանը` հավելելով, որ Վրաստանի համար, ընդհանուր առմամբ, ձեռնտու չէ Թուրքիայի հետ սահմանակից շրջանները բնակեցնել մահմեդականներով:

Խոսելով Միխայիլ Սահակաշվիլիի վարչակազմի` թուրք-մեսխեթցիներին հենց Ջավախքում վերաբնակեցնելու փորձերի մասին, պատգամավորը դա կեղտոտ խաղ է անվանել: «Ասվում էր, թե Ջավախքը նախընտրելի է, քանի որ այստեղ հողերն էժան են: Իրականում ամեն ինչ ուղղված էր ժողովրդագրական վիճակի փոփոխությանն ու հայկական գործոնի չեզոքացմանը: Բայց ընդհանուր առմամբ վերաբնակեցման գործընթացն ակտիվությամբ աչքի չընկավ, իսկ այժմ ընդհանրապես դադարեցվել է»,- նշել է Շիրակ Թորոսյանը: