Մարտի 20-ից մեկնարկել եւ մինչեւ հունիսի 1-ը շարունակվելու է «Մշակութային գարուն աշակերտների» ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի բոլոր դպրոցների աշակերտները, այդ թվում սիրիահայ, հնարավորություն կունենան անվճար այցելել տարբեր մշակութային օջախներ` թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ ու համերգասրահներ, տեղում ծանոթանալ ազգային երաժշտարվեստին եւ նվագարաններին: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ասուլիսի ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«Ծրագիրը ներառում է նաեւ բազմաթիվ բացօթյա մասսայական միջոցառումներ, որոնք նախատեսվում է մայրաքաղաքի տարբեր, այդ թվում նաեւ Ազատության, հրապարակներում: Ազատության հրապարակում, ցավոք, հայտնի պատճառով առայժմ հնարավոր չէ դրանց իրականացումը»,- նշել է նա ու հավելել, որ սիրիահայ երեխաների ուսուցումը կազմակերպելու նպատակով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում հոկտեմբերից գործում է «Կիլիկյան վարժարանը», որը կահավորված է անհրաժեշտ աշակերտական գույքով:

Սողոմոնյանի խոսքով՝ այսօր վարժարանում սովորում է շուրջ 320 աշակերտ եւ աշխատատում 17 ուսուցիչ: Մայրաքաղաքի այլ դպրոցներում էլ սովորում է ավելի քան 231 սիրիահայ երեխա:

Անդրադառնալով 4-րդ դասարանի աշակերտների գիտելիքների տարեվերջյան ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, ինչպես նաեւ աշակերտների հիմնական ընդհանուր կրթության եւ վկայականների բաշխման գործընթացին, նա նշել է, որ այս ուղղությամբ ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ ակտիվ աշխատանք է տարվում: 

Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ նախադպրոցական տարիքի շուրջ 180 սիրիահայ երեխաներ էլ անվճար հիմունքներով եւ արտահերթ` ընդունվել են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներ։

Սիրիահայ աշակերտներն ակտիվորեն ներգրավված են նաեւ մշակութային եւ պետական տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներում:

Անդրադառնալով Երեւանում բնակվող սիրիահայ ընտանիքների սոցիալական բույթի խնդիրներին եւ քաղաքապետարանի կողմից դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին` սոցիալական ապահովության վարչությանը պետ Ռուզաննա Զաքարյանն իր հերթին նշել է, որ սիրիահայ ընտանիքների հետ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ եւ հաշվի առնելով բարձրացված հարցերը, հնարավորին օպերատիվ կերպով լուծումներ տրվում. «Սիրիահայ ընտանիքների սոցիալական խնդիրները Երեւանի քաղաքապետարանի եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վարչական շրջանների հետ համատեղ ձեռնարկված աշխատանքների արդյունքում 156 ընտանիքի ցուցաբերվել է դրամական աջակցություն` բնակարանների վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման եւ այլ նպատակներով: Իրականացվել է նաեւ  կենցաղային իրերի եւ պարենային օժանդակություն»,-նշել է Ռուզաննա Զաքարյանը:

Զբաղվածության հարցի հետ կապված նշվել է, որ ԶԾՏԿ-ներում հաշվառված 131 սիրիահայերից աշխատանքի է տեղավորվել 41-ը,  եւս 12 սիրիահայ աշխատանք է տեղավորվել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աջակցությամբ:

Սոցիալական ապահովության վարչության պետը հատկանշել է, որ Երեւանի քաղաքապետարանը սիիահայերին աջակցում է նաեւ բուժօգնության տրամադրման հարցում: Մինչ օրս քաղաքապետարանի ենթակայության բուժհիմնարկներ են դիմել եւ անվճար բուժօգնություն ստացել 483 սիրիահայ:

Սոցիալական վարչության պետը նաեւ նշել է, որ քաղաքապետարանի ծրագրերի շրջանակում արվեստի եւ երաժշտական դպրոցներում ուսանող սիրիահայ լավագույն աշակերտներին անվճար տրամադրվում են երաժշտական գործիքներ, հօգում ուսման վարձավճարները: Գործում է նաեւ զեղչային համակարգ: Ամանորի տոնակատարության  շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սիրիահայ երեխաների համար «Մհեր Մկրտչյան» թատրոնում կազմակերպվել են ամանորյա միջոցառումներ, որի ընթացքում նվերներ են տրվել սիրիահայ աշակերտներին եւ ուսուցիչներին։