Քաղաքապետ Տարոն Մարգարյանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցը մեկնարկել է մայրաքաղաքի զարգացման ծրագրի շրջանակում ընթացող բակային տարածքների բարեկարգման շինհրապարակներ այցով: Քանաքեռ-Զեյթունում եւս քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրերով համալիր բարեկարգման ծավալուն աշխատանքների շրջանակում բակերը կապահովվեն զրուցարաններով, նստարաններով, կկահավորվեն խաղային ատրակցիոններով, ինչպես նաեւ մարզագույքերով:
Բակային բոլոր տարածքներում պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել կառուցապատման նախագծերն ու ընթացող աշխատանքների մանրամասները:
Ռուբինյանց 4 եւ 4 Ա շենքերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին տասնյակ տարիներ անխնամ մնացած բակերը համալիր բարեկարգելու նախաձեռնության համար: Քաղաքապետն էլ բնակիչներին վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երեւանյան բոլոր բակերը: Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է բակերում, հետեւել կատարվող աշխատանքների ընթացքին:
Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերակառուցման աշխատանքներ էին ընթանում նաեւ Դրոյի 26 շենքի բակային տարածքում: Բնակիչների հավաստմամբ՝ բարեկարգվող բակը անխնամ է եղել դեռ խորհրդային տարիներից սկսած: Նրանք իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի փոփոխությունների համար: Օգտվելով առիթից բնակիչները Տարոն Մարգարյանին են ներկայացրել նաեւ բակերի բարեկարգման հետ կապված իրենց առաջարկները, որոնք հենց տեղում քաղաքապետի հանձնարարությամբ ներառվել են ծրագրում. «Քաղաքապետարանը որդեգրել է հստակ քաղաքականություն: Թե այգիների եւ պուրակների կառուցման, եւ թե բակերի բարեկարգման հարցում մենք միշտ հաշվի ենք առնում մեր բնակիչների առաջարկներն ու մոտեցումները: Հաճախ հենց տեղում լսելով նրանց առաջարկները, նախագծերում որոշակի փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի կատարած աշխատանքը նախ եւ առաջ բնակիչների սրտով լինի ու ծառայի նրանց: Մի բան հստակ է, այն ամենը, ինչը կառուցվում է այսօր Երեւանում, երեւանցիների հարմարավետության ապահովման համար է»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը տեղում վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է առավել հետեւողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու հարցում:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Դրոյի 8-10 շենքերի բակ, որը բոլորովին վերջերս է հանձնվել բնակիչների տնօրինմանը: Վառ գույներով ձեւավորված բակի տեղում, ինչպես բնակիչներն էին նշում նախկինում ամայի ու անխնամ տարածք էր:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւել է նաեւ Պարույր Սեւակի 1/2 շենքի բակում ընթացող ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն ամռանը ֆուտբոլասեր փոքրիկների տնօրինմանը կհանձնվի խաղադաշտը՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Առողջ ապրելակերպին ուղղված տարբեր ծրագրերն ու միջոցառումները նույնպես քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ծրագրային առաջնահերթություններից են եւ բակերի համալիր բարեկարգման ծրագրերում այս տարի եւս առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցմանն ու բակերում մարզական գույքի ավելացմանը. «2013թ-ին մենք շահագործման կհանձնենք 18 ֆուտբոլի փոքր խաղադաշտեր: Անցած երեք տարիների ընթացքում մենք շահագործման ենք հանձնել շուրջ 60 ֆուտբոլի փոքր խաղադաշտ: Աշխատանքները լինելու են շարունակական եւ առաջիկա տարիներին մենք փորձելու ենք ընդլայնել ծրագիրը, ինչն իր հերթին կնպաստի նաեւ ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը: Այս տարի խաղահրապարակներին զուգահեռ, բակային տարածքները կկահավորենք նաեւ մեծ քանակությամբ մարզասարքերով, ինչն իր հերթին կնպաստի մայրաքաղաքում առողջ ապրելակերպի խթանմանը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:



























