ՀՅԴ-ն Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ է ներկայացրել իր համամասնական ցուցակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը, երկրորդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում՝ Արսեն Համբարձումյանը:

65 հոգուց բաղկացած ցուցակի տասնյակում ընդգրկված են նաեւ Ալեսյա Բեջանյանը, Արթուր Եղիազարյանը, Արթուր Ղազարյանը, Հովհաննես Սարգսյանը, Մարգարիտա Խոստեղյանը, Արամ Նազարյանը, Լեւոն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ցուցակների գրանցումը կկատարվի մարտի 22-31-ին, նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով:

Ցուցակների ներկայացման ժամկետն ավարտվում է այսօր՝ մարտի 21-ին, ժամը 18:00-ին: