Գործող նախագահի մամուլի ասուլիսից հետո ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նա մեզ հանձնարարում է տեսնել միայն լավը եւ խոսել միայն լավ բաների մասին: Այդ մասին մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը նշել է նաեւ լրատվամիջոցների մեղքը գաղջ մթնոլորտի ստեղծման մեջ, որի պատճառով մարդիկ լքում են երկիրը: «Զարմանալի է, որ ինքը` նախագահը մամուլի ասուլիսի ընթացքում նույնիսկ չնշեց երկրում իրականացված կոնկրետ բարեփոխումների մասին: Ես ամեն անգամ ցանկանում եմ հասկանալ այն լավը, որ կատարվել է, սակայն ոչ մի կերպ չի ստացվում»,- ընդգծել է Խառատյանը:

Ի պատասխան ասուլիսի մյուս բանախոս, հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հայտարարել է. «Դուք կարող եք համեմատել նախորդ տարիների իրողությունները երկրի ներկայիս իրավիճակի հետ, թեկուզ քաղաքական ասպարեզում հանդուրժողականության, նաեւ խոսքի ազատության առումներով»:

Նշենք, որ օրերս կայացել էր նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձել էր ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերին:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am