Նախագահն առաջարկում է չհետաքրքրվել, թե ով է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, եթե թոշակները նորմալ են վճարվում: Անձամբ ինձ ավելին է հետաքրքրում: Այդ մասին մարտի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ինձ հետաքրքրում է ոչ որպես թոշակներ բաժանող: Ինձ պետք է, որ նա ծրագրի եւ հետեւի, թե ինչպես են մեր գործատուները չարաշահում, կամ չեն չարաշահում, աշխատանքի ինչ պայմաններ են ստեղծված աշխատակիցների համար, որ նա կարգավորի աշխատանքի կապն աշխատաշուկայի հետ եւ այլն»,- ասել է Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով, ինքն իրավունք չունի մեկնաբանել Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնավոր զրույցը, կամ կսկածներ հայտնել նրանց ներկայացրածի կապակցությամբ: «Սակայն երբ նախագահն ասում է, որ գոհ է արտագաղթի, գործազրկության եւ այլ խնդիրների պայմաններում 58 տոկոս ստանալու փաստից` հավելելով, թե ժողովրդավարական այլ որեւէ երկրում նման բան չի կարող լինել, ես միանգամայն համաձայն եմ նրա հետ»,- ընդգծել է Հրանուշ Խառատյանը` ընդգծելով, թե ոչ մի ժողովրդավարական երկրում մարդիկ չէին գնա նման իշխանության վերարտադրմանը:

Խառատյանը նաեւ շեշտել է, թե Հայաստանի իշխանությունների մոտ չի տեսնում քաղաքական երկխոսության գնալու ցանկություն:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am