«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը, Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը (Մայքրոսոֆթ ԱրԷյ)՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության  («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի հետ համատեղ, հայտարարում են Երեւակայության գավաթ 2013 մրցույթի հայաստանյան ընտրական փուլի մեկնարկը:

Մարտի 22-ին կկայանա մրցույթի մեկնարկի հետ կապված  մամուլի ասուլիս, որի ընթացքում տեղի կունենա նաեւ 2012 թվականի Երեւակայության գավաթ Հայաստան մրցույթի հաղթող «mLAB» թիմի պարգեւատրումը՝ Մայքրոսոֆթ ԱրԷյ ընկերության կողմից:

Երեւակայության գավաթը Մայքրոսոֆթի Կորպորացիայի ամենավառ ուսանողական միջոցառումն է: Մրցույթի անցկացման 11 տարիների ընթացքում ավելի քան 1 մլն. ուսանողներ են մասնակցել աշխարհի 183 երկրներից: Մրցույթը հնարավորություն է տալիս ուսանողներին իրենց նորարար եւ համարձակ գաղափարներով մասնակցել աշխարհի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ բացահայտել սեփական ներուժը: Մրցույթի հաղթող թիմը հնարավորություն է ստանում Մայքրոսոֆթի աջակցությամբ իրականացնել իր գաղափարը, իսկ ներկայացված մյուս լավագույն նախագծերը, իրավունք են ստանում դիմել հատուկ ֆինանսավորման հիմնադրամին՝ ծրագրերը կյանքի կոչելու համար: