Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 6 կուսակցություններ եւ մեկ դաշինք իրենց համամասնական ցուցակները ներկայացրել են ԿԸՀ: Դրանք են, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Բարեւ, Երեւան» դաշինքում ներկայացված են ներկայացուցիչներ «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», Պահպանողական, ՀԱՍԿ կուսակցություններից, նաեւ կան գիտնականներ, մշակութային գործիչներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ցուցակների գրանցումը կկատարվի մարտի 22-31-ին, նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով:

Ցուցակների ներկայացման ժամկետն ավարտվում է այսօր՝ մարտի 21-ին, ժամը 18:00-ին: