Արդեն երրորդ անգամ է, որ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը չի ներկայանում Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Գրիգոր Ղասաբյանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու համար, հաղորդում է Aravot.am-ը:

Մեղադրող կողմը միջնորդել է Սուրեն Սուրենյանցի  խափանման միջոցը՝ ստորագրություն չբացակայելու մասին, փոխել, ընտրել կալանք եւ հայտարարել հետախուզում: Պաշտպան Կարապետ Գալստյանը միջնորդության ճակատագիրը թողել է դատարանի հայեցողությանը: Դատավոր Արմեն Խաչատրյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով հրապարակել է որոշումը՝ Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Նրա խոսքով՝ Սուրենյանցը կապվել է աշխատակազմի հետ հեռախոսով, այսինքն՝  գտնվում է հանրապետությունում:

Դատական հաջորդ նիստը, եթե Սուրենյանցը հայտնաբերվի, տեղի կունենա մարտի 28-ին: