Մոսկվայում անհայտ անձինք կոտրել են Մեծ թատրոնի փոխտնօրեն Նիկոլայ Ցիսկարիձեի բնակարանի փականները, սակայն ներս չեն մտել եւ ոչինչ չեն գողացել: Քրեական գործ է հարուցվել «կողոպուտի փորձ» հոդվածով, «Ինտերֆաքսին» հայտնել են իրավապահ մարմիններից:
Ըստ հետաքննության տվյալների` մարտի 21-ի երեկոյան Ցիսկարիձեն տուն էր եկել, բացել մուտքի առաջին դուռը, իսկ երկրորդը չէր կարողացել: Արտիստը կանչել էր մասնագետների եւ ոստիկանություն դիմել: Պարզվել էր, որ վնասվել են փականները, սակայն տիրոջ բացակայության ընթացքում բնակարանում ոչ ոք չի եղել:
Ոստիկանությունում Life News-ի աղբյուրը ենթադրում է, որ կատարվածը կարող է կապված լինել Մեծ թատրոնի սկանդալի հետ, իսկ հանցագործների նպատակը կարող էին որոշ փաստաթղթեր լինել: Ոստիկանությունում «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին հայտնել էին, որ Մեծ թատրոնի հետ կապված վերջին իրադարձությունների առնչութամբ, հնարավոր է, ցանկացել են Ցիսկարիձեին վախեցնել կամ էլ սադրանք կազմակերպել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերգեյ Ֆիլինը, որի վրա չարագործը ծծմբաթթու էր լցրել, իր հարձակման հնարավոր մասնակիցների թվում նշել էր Ցիսկարիձեի անունը: Վերջինիս հարցաքննել էին: Ավելի ուշ ՆՏՎ-ի «Երկաթյա լեդի» հաղորդման եթերում Նիկոլայ Ցիսկարիձեն կասկած էր հայտնել Ֆիլինի ստացած այրվածքների իսկապես ադքան ծանր լինելու վերաբերյալ:




























