ՌԼԴԿ կուսակցության ներկայացուցիչ Յարոսլավ Նիլովը Լենինին դամբարանից հանելու տարբերակ է առաջարկել, որի դեպքում ձախ ուժերը աղմուկ չեն բարձրացնի:

Առաջարկն արվել է Պետդումայում կայացած բոլշեւիկների ունեցած դերակատարման թեմայով կլոր սեղանի շուրջ:

«Պառլամենտսկայա գազետան» գրում է, որ ըստ Նիլովի՝ Կարմիր հրապարակում կարելի է վերանորոգման աշխատանքներ սկսել, Լենինի մարմինն էլ այդ ընթացքում հանել դամբարանից եւ աշխատանքների ավարտից հետո այլեւս չվերադարձնել՝ պատճառաբանելով միջոցների սուղ լինելով:

Խոսելով Լենինին թաղելու անհրաժեշտության մասին՝ Նիլովը հարցրել է. «Ինչպե՞ս կարող է դիակը դրվել այնտեղ, որտեղ հանդիսավոր տոնական միջոցառումներ են անցկացվում»:

Նրան աջակցել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Վլադիմիր Օվսյաննիկովը. «Ինչքա՞ն կարող է Մոսկվայի կենտրոնում մնալ մի մարդու զմռսած մարմինը, որն ավերել է այն ամենը, ինչը դարերով կառուցվել էր Ռուսաց երկրում՝ պետականությունը, հիմքերը, ավանդույթները»,- ասել է նա, մեջբերում է «ԲալտԻնֆո»-ն:

Այս պահին Կարմիր հրապարակում գտնվող դամբարանը փակ է մինչեւ ապրիլի վերջը՝ ծավալային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լենինի աճյունը դամբարանից չի հանվի: