ՕԵԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված են մտավորականության, կրթության ոլորտի եւ հասարարական կառույցների ներկայացուցիչներ: Այս մասին այսօր` մարտի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության պագամավոր Խաչիկ Հարությունյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում ղեկավարելու է ՕԵԿ-ի շտաբը:
Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում կներկայացնեն իրենց ծրագիրը եւ ավելացրեց, որ Երեւանը կարիք ունի կտրուկ բարեփոխումների, թե բնակարանային ֆոնդում, թե տրանսպորտի ոլորտում, թե կառուցապատման:
Դիտարկմանը՝ թե կարելի՞ է ենթադրել, որ ներկայումս քաղաքը էֆեկտիվ չի կառավարվում, Հարությունյանն արձագանքեց, որ չի կարելի ասել, որ բավարար աշխատանքներ չեն տարվում, բայց դա չի նշանակում, որ կատարվածը բավարարում է:
Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակը գլխավորող, ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նա ասաց, որ նա բավականին կազմակերպված անձնավորություն է: «Եթե շատ-շատերի հետ համեմատելու լինենք, կտեսնենք, որ գործ ունենք պարկեշտ անձնավորության հետ: Մի բան է մարդը, մեկ այլ բան՝ գործերը: Աշխատանքներին պետք է նայենք եւ դրա համար ասում ենք, որ Երեւանը լուրջ բարեփոխումների կարիք ունի»,- ասաց Խաչիկ Հարությունյանը՝ հավելելով, որ Երեւանում կան տարբեր աստիճանի վթարային շենքեր, հետեւաբար պետք է հայեակարգ ընդունվի, որ ֆիքսված ժամանակահատվածում վթարային շենքեր էլ չլինեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























