Լենինգրադյան, Ծիծեռնակաբերդ, Հալաբյան, Շինարարներ, Արզումանյան փողոցների հատվածում Ճանապարհային երթեւեկության կազմակերպման ժամանակավոր սխեման վերջին 6 ամիսների ընթացքում ընդամենը երկու անգամ է փոխվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը:
Նա նշեց, որ վերոնշված շինարարական տեղամասի մոտ եւ նրա շրջակայքում վերջին 6 ամիսների ընթացքում ընդամենը երկու անգամ է կազմակերպվել երթեւեկության ժամանակավոր սխեմայի փոփոխություն` ելնելով այն հանգամանքից, որ հնարավորինս նվազագույնի հասցվի երթեւեկության բոլոր մասնակիցներին պատճառված անհանգստությունները: «Ամեն անգամ երթեւեկության փոփոխության պարագայում ճանապարհային տվյալ հատվածում իրականացվել է երթեւեկելի տվյալ մասի գծանշման աշխատանքներ, տեղադրվել է ինչպես ճանապարհային համապատասխան նշաններ, այնպես էլ նոր լուսացուցային սարքեր: Յուրաքանչյուր անգամ վարորդներին տեղեկացնելու համար այդ փոփոխությունների մասին տարբեր վայրերում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի կարգախմբերից մեկ շաբաթյա ժամանակահատվածով նշանակվել է ժամանակավոր պահակետեր եւ այդ ընթացքում ճանապարհային երթեւեկության խախտումները, որոնք,մեր կողմից դիտվել են որպես չիմացության եւ շփոթվելու արդյունքում դիտված խախտումներ, վարորդներին զգուշացվել է եւ նրանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ չեն կիրառվում»,- նշեց նա:
Նա շեշտեց, որ հանրապետության ճանապարհներին արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի տեղադրումը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները եւ վթարների հավանականությունը նվազեցնելու նպատակ է հետապնդում: Ինչ վերաբերում է դրանց զուգահեռ ճանապարհային ոստիկանության կարգախմբերի պակասելուն, ապա նա նշեց, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ծառայողների ֆունկցիոնալ պարտականության մեջ մտնում է ոչ միայն ճանպարհային երթեւեկության կանոների խախտման դեպքերի եւ վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելը, այլեւ ուրիշ շատ գործառույթներ` պատահարների ձեւակերպումը, ճանապարհի տվյալ հատվածի անվտանգ եւ անխափան երթեւեկությունը կազմակերպելը, մշակութային, սպորտային եւ այլ տարաբանույթ միջոցառումների ապահովումը, հանրապետություն ժամանող այլ պետությունների բարձրաստիճան ղեկավարների եւ հյուրերի ուղեկցումները, նրանց անվտանգության ապահովումը, առավոտյան, երեկոյան եւ օրվա պիկ ժամերին ծանրաբեռնված երթեւեկության ճանապարհների, խաչմերուկների, դպրոցների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների մոտ ճանապարհների բեռնաթափումը եւ թողունակության բարձրացումը: «Ճանապարհային ոստիկանության այն ծառայողները, ովքեր թերացել են իրենց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման մեջ, ենթարկել են կարգապահական տույժի եւ ազատվել են Ճանապարհային ոստիկանությունում ծառայությունը շարունակելուց»,- հավաստիացրեց Ասրեն Արշակյանը:
Արսեն Արշակյանը տեղեկացրեց, որ 2012թ Երեւանում ավտովթարների արդյունքում ունեցել ենք 29 զոհ, 49 վիրավորով պակաս, քան 2011թ նույն ժամանակահատվածում:




























