Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ: Կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը NEWS.am-ին փոխանցեց հետեւյալը.

«Շնորհակալություն հայտնելով Պահպանողական կուսակցությանը «Ժառանգություն» կուսակցության՝ զույգ կուսակցությունների դաշինքով Երեւանի ավագանու ընտրություններին միասնաբար մասնակցելու առաջարկության առիթով, Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհուրդը. ելնելով այն համոզումից, որ հանրապետության բնակչության կեսն ապրում է Երեւան քաղաքում, ուստի ընտրությունները նույնպես քաղաքական պետք է լինեն, ընդունելով, որ ընդդիմադիր ամբողջ դաշտի համար այսօր բարոյականը նախընթաց նախագահական ընտրություններում այլընտրանքային թեկնածուներից ամենաշատ քվեները ստացած եւ քաղաքակրթական արեւմտյան արժեհամակարգ առաջարկած «Ժառանգության» ղեկավարին սատարելն է եւ ընդդիմադիր ընտրազանգվածը չատոմիզացնելը, հայտարարում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում.

1. Չի մասնակցում որեւէ դաշինքի ձեւավորմանը, միեւնույն ժամանակ նույնականորեն եւ երախտագիտությամբ հատուցում է ավագանու նախորդ ընտրություններում «Ժառանգության» բարոյական կեցվածքի դիմաց, երբ նա չմասնակցեց ընտրություններին՝ ասպարեզը զիջելով այն ժամանակվա ընդդիմության առաջատարին՝ նաեւ մեր մասնակցությամբ հիմնված Հայ ազգային կոնգրեսին,

2. «Ժառանգություն» կուսակցությանն իր սատարումն արտահայտում է նրա ցուցակում երեք ներկայացուցչի առաջադրմամբ, որոնց, Երեւանի ավագանու անդամ դառնալու դեպքում պատվիրակում է հետապնդել բացառապես մեկ նպատակ՝ վերանվանել կոմունիստական կուսակցական գործիչների եւ ԿԳԲ-ի գործակալների անուններ կրող բոլոր փողոցներն ու հաստատությունները, Երեւանում հիմնել կոմունիստական 70-ամյա ամբողջատիրության զոհերի թանգարան»: