Ավագանու ընտրություններից հետո չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերի միջեւ կոալիցիա ձեւավորվի, եթե նախընտրական քարոզարշավի ընթացքում ազնիվ պայքար տարվի: Այդ մասին, մարտի 22-ին, խորհրդարանում կայացած ճեպազրույցին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր համարում է ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցությունը Երեւանի Ավագանիում:
«Կոալիցիոն համագործակցությունը հնարավոր է, եթե չկրկնվի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախօրեին քաղաքական ուժերի վարքը»,- նշել է Հակոբյանը:
Հարցին, թե ինչպես կբացատրի, որ «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակում ընդգրկված է ՀԱՍԿ կուսակցությունը, սակայն ցուցակում ոչ ոք չկա այդ կուսակցությունից, Հակոբյանը պատասխանել է. «Այդ կուսակցությունը մեզ աջակցում է: Երեւի թյուրիմացություն է, որ ցուցակում չկա նրանց անունը»:
Խոսելով դաշինքի ցուցակի մասին` Հակոբյանը նկատել է, որ չկան կատարյալ ցուցակներ, սակայն իրենք փորձել են ցուցակում ներկայացնել ինչպես կուսակցական մարդկանց, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























