Իրենք էլ կարող են ասել, որ Հանրապետականը չորրորդ տեղ կընկնի,  այստեղ  ի՞նչ ամբարտավանություն է, դա կանխատեսում է, որը կարող է յուրաքանչյուրն անել,  ինչի՞ են անպայման վախենում Հանրապետականի հայտարարությունից: Այդ մասին այսօր՝ մարտի 22-ին, խորհրդարանում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի քննադատությանը ուղղված ՀՀԿ-ին։

«Հետո, ենթադրենք, երկրորդ կամ երրորդ տեղն ընկնի Հանրապետականը, էս քաղաքի վիճակն ի՞նչ պիտի լինի: Լիֆտերը բավականին լավ կպատրաստվե՞ն, աղբահանությունը լավ կլինի՞, ժողովրդի սոցիալական վիճակը մի քանի անգամ կբարձրանա՞: Այն կարգախոսներն եմ ասում, որոնք մեր ընդդիմախոսներն առաջ պիտի տանեն»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով «Ժառանգության» գործիչների այն հայտարարություններին, թե Սերժ Սարգսյանը խուճապի մեջ է, Գալուստ Սահակյանն ասաց, որ դա խլուրդային մտածողություն է:

Հարցին՝ ինչպես է գնահատում սոցիալական կայքերում վարչապետին եւ ՀՀԿ-ին ուղղված ԲՀԿ-ականների քննադատություններին, նա նշեց. «Անհեթեթությունը փոխարինվել է խլուրդային քաղաքականությամբ։ Դա ես համարում եմ խլուրդային մոտեցում, որովհետեւ խլուրդի վրա ինչքան արեւ ես փորձում ներարկել, նա ավելի դաժան է, որովհետեւ նրան խոնավությունն է հետաքրքիր։ Երբ խոնավությունը չափից ավելի է, փտախտ է տեղի ունենում եւ հասարակությունը սկսում է զզվել այդ հոտից, դրա համար խլուրդների հետ ընդհանրապես պետք է չփորձես բանավեճի հետ մտնել»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am