«Դուք պարտվել եք, տվյալ իրավիճակում եթե չեք ընդունում  պարտությունը, հայ ժողովուրդը ապրիլի 9-ին  կպարտադրի հաղթանակ եւ խաղաղություն»: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա հայտարարությունում նշում է հետեւյալը.

«Օրեր առաջ փակ տարածության մեջ Ձեր կողմից ընտրված մի քանի լրատվամիջոցների սահմանափակ թվով ներկայացուցիչների մասնակցությամբ Բաղրամյան 26-ի տեսախցիկի առջեւ հայտարարություններ եւ հարցադրումներ արեցիք:

Հայտարարեցիք, որ երբեք կեղծ երդում չեք տվել: Չգիտեմ ովքեր են Ձեր իրավախորհրդատուները, բայց պետք է հայտնեմ, որ Ձեզ մեղադրող  ակնհայտ, անվիճելի ապացույցների առկայության դեպքում հայտարարել, որ Դուք երբեք կեղծ երդում չեք տվել, վկայում է Ձեր կողմից ստելու մասին, եւ եւս մեկ անգամ ապացուցում, որ պատասխանատվությունից խուսափելը եւ ոչ ճիշտ պաշտպանական մարտավարություն որդեգրելը Ձեզ մղում է դեպի փակուղի:

5 տարի առաջ Դուք երդվել եք` հայտարարելով հետեւյալը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ՝  անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն  Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Պարո´ն Սարգսյան, Ձեր այդ երդումը կեղծ էր, եւ Դուք ստում եք: Դուք բազմիցս խախտել եւ անարգել  եք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Ձեզ համար մարդը եւ նրա արժանապատվությունը որեւէ արժեք չունեն: Դուք  Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունը   դարձրել  եք կախյալ, ավտորիտար, ոչ  սոցիալական, ոչ իրավական պետություն, յուրացրել եք ժողովրդին պատկանող իշխանությունը:

Ստորագրելով Մադրիդյան սկզբունքները` համաձայն որի՝ մեր պատմական հայրենիքի մի մասը պատրաստվում եք հանձնել Ադրբեջանին, եւ ստորագրելով Հայ-թուրքական արձանագրությունները, համաձայն որի՝ պատրաստվում եք օրինական ճանաչել Ցեղասպանության պտուղները՝ անտեսելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը` հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում: Սա ոչ միայն երդմնազանցություն է, այլ նաեւ ծանր հանցագործություն:

Դուք Ձեր հայտարարության մեջ ընդունում եք, որ օլիգարխները Ձեր ցանկության դեպքում կարող են ունենալ Ձեր հովանավորությունը, եթե չցանկանաք՝ նրանց նկատմամբ կկիրառեք մահակ, եւ դա իրականություն է: Սակայն պետք է իմանաք, որ  մահակ կիրառելը Հայաստանի Հանրպետությունում որեւէ պաշտոնյայի լիազորությունների մեջ չի մտնում: Հայաստանի Հանրապետության նախագահը պարտավոր է բոլոր քաղաքացիներին վերաբերվել իր լիազորությունների շրջանակում՝ հավասար սկզբունքի մոտեցմամբ: Դուք նշում եք հարուստների մասին, բայց մոռանում եք, որ կապ չունի՝ եւ´ հարուստը, եւ´ ոչ հարուստը պետք է քաղցած չլինեն, պետք է հավասարապես օգտվեն կրթություն  ստանալու եւ մշակույթի հետ հաղորդակցվելու հնարավորությունից:

Կեղծ երդմամբ ապրեցիք 5 տարի: Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը մերժեց Ձեր կեղծ երդումը, Դուք նորից փորձ եք կատարում կեղծ երդվել՝ չգիտակցելով, որ Ձեր կեղծիքը բացահայտված է եւ անհանդուրժելի: Դուք պարտվել եք, տվյալ իրավիճակում եթե չեք ընդունում  պարտությունը, հայ ժողովուրդը ապրիլի 9-ին  կպարտադրի հաղթանակ եւ խաղաղություն»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am