Մարտի 20-ին ՆՓԱԿ նորարար փորձարարական արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Գեւորգ Տեր-Գաբրիելյանի գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը կազմակերպվել էր «Սոցիալ-մշակութային ինովացիաների լաբորատորիա» (ՍՄԻԼ) հիմնադրամի կողմից:

Գիրքը պարունակում է 1981-1992 թվականներին գրված եւ 1985-1992-ին մամուլում մասամբ հրապարակված գործեր, որոնք պատկանում են տարբեր ժանրերի՝ հրապարակախոսական կամ գրականագիտական հոդված, պատմվածք, էսսե, հարցազրույց, նաեւ արձակի թարգմանություն: Անցյալի տեքստերը եւ նրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում: Գրքի հերոսներից են Հրանտ Մաթեւոսյանը, Աղասի Այվազյանը, Վահագն Գրիգորյանը, կինոռեժիսոր Կարեն Գեւորգյանը, Յուրի Տրիֆոնովը, Միխայիլ Բախտինը, Ռոման Բալայանը եւ այլք:

Շնորհանդեսին ներկա էին ստեղծագործողներ, գրողներ, բանաստեղծներ, գրաքննադատներ: Ելույթներով հանդես եկան Նունե Դիլանյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Պասկեւիչյանը, Վարդան Ջալոյանը, Արա Նեդոլյանը: Բանախոսները նշեցին հեղինակի առանձնահատուկ գրական ոճը, լեզուն, անցյալի խնդիրների նորովի մեկնաբանությունը եւ գրքի ինքնատիպությունը:

Գրքի էլեկտրոնային տարբերակի հասցեն է՝  http://www.skil.am/hy/component/booklibrary/25/view/52/General/21/-