Գլաձոր գյուղում խեղդված 4-ամյա Ա. Գալստյանինն ոչ թե հրել են, այլ կամրջի վրայից քար է նետել գետը եւ նետման թափից ինքն էլ է ընկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլաձոր գյուղի գյուղապետ Անդրանիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ մինչ այդ մի քանի երեխաներով գնացել են գետի ափին խաղալու:

Նրա փոխանցմամբ՝ անչափահասի թոքերի մեջ ջուր չի հայտնաբերվել: Երբ նրան արհեստական շնչառություն են տվել նա փսխել է եւ թթվածին չի ստացել: Հայրը բակում է եղել եւ անմիջապես օգնության է հասել, իսկ մայրն այդ ընթացքում խանութ գնացած է եղել: Գյուղապետը նաեւ նշեց, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել եւ մեկ ամսից նոր միայն վերջնական պատասխանները կտրվեն:

Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ 4-ամյա Ա. Գալստյանը ընտանիքի միակ աղջիկն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գլաձոր գյուղի գյուղապետ Անդրանիկ Մարտիրոսյանը եւ ավելացրել, որ տունը գետի ափին է, իսկ հողամասի կողմից ցանկապատ չկա: «Իջել են այնտեղ խաղալու եւ, թե հիմա դեպքը ոնց է եղել, ոչ ոք տեղյակ չէ: Սա միջնակ աղջիկն է: Դժվար ապրող, դժվար ստեղծող ընտանիք են»- ասել էր գյուղապետը՝ հավելելով, որ աղջնակի հայրը պայմանագրային զինծառայող է եւ ամիսը մեկ անգամ Ղարաբաղ է մեկնում ծառայության, մայրն էլ տնային տնտեսուհի է: Այդ օրը հայրը գյուղում է եղել, իսկ մայրը գործերով տանից դուրս է եկել: Գյուղապետը նշել էր, որ այս տարիների ընթացքում գյուղում դեռեւս երեխաների խեղդվելու դեպք չէր արձանագրվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 18-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցի մոտով հոսող առուն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:Տեղի ուժերով 4-ամյա Ա. Գալստյանին դուրս են բերել առվից եւ տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել է: