Ազգային ժողովի 6 խմբակցություններից 2-ը` Հանրապետականը եւ «Օրինաց երկիրը» հայտարարել են ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ԱԺ հատուկ նիստին մասնակցության մասին, որի ժամանակ տեղի կունենա նաեւ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
Ւնչ վերաբերում է մյուս խմբակցություններին, ապա, օրինակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման հարց դեռ չի քննարկվել: Հայտնի չէ նաեւ, թե ինչպես կվարվի ՀՅԴ խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել, երկար ժամանակ կա, կապրենք կտեսնենք, օրը կգա` բարին հետը:
Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չմասնակցելու որոշում է կայացրել Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգությունը»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք ինչպես չեն մասնակցել ԱԺ հատուկ նիստը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացնելու մասին որոշման նախագծի քվեարկությանը, այդպես էլ չեն մասնակի երդմնակալությանը, քանի որ «կեղծված ընտրությունների արդյունքում ընտրված մարդու ինագուրացիան իրենց համար ընդունելի չէ»: Կմասնակցի ՀԱԿ-ը այդ օրը Ազատության հրապարակում կայանալիք միջոցառմանը, թե ոչ, նման նման հարց չեն քննարկել:
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ իշխանությունների կեցվածքի համարժեք պատասխանը կլինի այն, որ «Ժառանագությունը» չմասնակցի երդմնակալության արարողությանը: Այդ օրը նրանք լինելու են Ազատության հրապարակում, դեռ վերջնական ճշտված չէ, թե այնտեղ ինչ է լինելու այդ օրը, բայց իրենք ապրիլի 9-ին Ազատության հրապարակում կիրականացնեն ժողովրդի կողմից նախատեսված գործողություններ:
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորներին, ապա կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը նշեց, որ իրենք չեն քվեարկել այդ նախագծին, հետեւաբար չեն մասնակցի նաեւ ապրիլի 9-ին կայանալիք հատուկ նիստին: Կլինեն Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը Ազատության հրապարակում, թե ոչ հարցին ի պատասխան նա հայտնեց, որ այդ օրը իրենք կաշխատեն:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալլուստ Սահակյանը ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության ԱԺ հատուկ նիստ անցկացնելու նախագիծ էր ներկայացրել խորհրդարան։ Այն ընդունվեց 66 կողմ, 25 ձեռնպահ եւ 6 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այդ օրը կկայանա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Իսկ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին նախատեսում է անցկացնել այլ միջոցառում: Նա հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը կերդվի իր դիակի վրա:




























