20-ամյա Արամո Ավետյանը մեղադրվում է նրանում, որ գյուղերից մեկից իր ծանոթ անչափահասին խաբելով տարել է Ալավերդի քաղաքի իր բնակարան եւ շանտաժի ու բռնության արդյունքում երկու տարբեր օրերի նրա հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 20-ամյա Արամո Ավետյանը Լոռիի մարզի գյուղերից մեկի անչափահաս բնակչուհի Մ. Ս-ին խաբեությամբ տարել է իր՝ Ալավերդիում գտնվող բնակարան, ապա նրա հետ սեռական հարաբերություն ունենալու տեղեկություններ տարածելու սպառնալիքներով շանտաժի է ենթարկել եւ պահանջել նրանից սեռական հարաբերություն ունենալ իր հետ։
Անչափահասը մտածելով, որ հակառակ դեպքում ինքը կվարկաբեկվի, ենթարկվել է Արամո Ավետյանի պահանջին: Այնուհետեւ Արամոն անչափահասին գիշերելու նպատակով տարել է նույն շենքի մեկ այլ բնակարան ու հեռացել։
Հաջորդ օրը Արամո Ավետյանը գալով նշված բնակարան, պահանջել է անչափահասին իր հետ կրկին սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս կտրուկ հրաժարվել է։ Այդուհանդերձ, Արամո Ավետյանն անտեսելով անչափահասի կամքը, բռնություն գործադրելով ձեռքերով նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, պառկեցրել է նրան հիշյալ բնակարանի ննջասենյակում առկա մահճակալներից մեկի վրա եւ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել:
Քրեական գործ է հարուցվել 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել մարտի 18-ին: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:




























