«Իմ կարծիքով Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու ամենաճիշտ ներկայացուցիչը Եվա Ռիվասն է։ Ե՛վ երգն է լավ ընտրված, ե՛ւ ինքը շատ շքեղ տեսք ունի ու Օսլոյում լավ կնայվի ու շոու կանի»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե Եվրատեսիլի նախընտրական փուլում ո՞ր երգչի օգտին է քվեարկել։ Շարմազանովը Եվա Ռիվասի հաղթանակի համար 7 հաղորդագրություն է ուղարկել։ Շարմազանովին դուր է եկել նաեւ Էմմիի ու Ռազմիկ Ամյանի երգերը, սակայն նրանց օգտին ավելի քիչ հաղորդագրություններ է ուղարկել, քան Ռիվասի։

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ Հովհաննես Սահակյանը թեեւ Եվրատեսիլի մասնակիցներից որեւէ մեկի համար հաղորդագրություն չի ուղարկել, սակայն շատ է հավանել Եվա Ռիվասի երգը։

«Եվա Ռիվասը իր արտաքին տվյալներով եւ ներկայանալիությամբ հույս է ներշնչում, որ Եվրատեսիլում մենք տասնյակի մեջ որեւէ տեղ կգրավենք»,-նշեց նա՝ հավելելով, որ հավանել նաեւ Էմմիի ու Միհրանի երգի բեմականացումը։

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, Եվա Ռիվասի երգը թեեւ հետաքրքիր լիրիկական սկիզբ ունի, սակայն հագեցած է անհարկի կլկլոցներով եւ անկումնային ավարտ ունի։
«Եվան ունի շատ լավ արտաքին եւ մթնոլորտ։ Այն, որ Ռիվասը շատ կարճ ժամանակում կարողացավ „ռասկռուտկա“ լինել, կարող է մի փոքր ավելի առավելություններ ընձեռել իրեն»,- ասաց Սաֆարյանը։ Վերջինս սակայն առավելապես հավանել էր Եվրատեսիլի նախընտրական փուլի մասնակից Դավիթ Աշոտյանի երգը։

Մենք փորձեցինք ճշտել նաեւ «Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի եւ ԲՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծիքները, սակայն նրանք տեղյակ չէին վերջին զարգացումներից եւ հրաժարվեցին մեկնաբանությունից։