ՀՅԴ-ն պատրաստվում է վաղը` փետրվարի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախնական քննարկում անցկացնել հայ-թուրքական արչձանագրությունների թեմայով: Հիշեցնենք, որ այդ արձանագրություններն արդեն ուղարկվել են Ազգային ժողով, որոնք ԱԺ կանոնադրության համաձայն, ինքնաբերաբար ընդգրկվում են ԱԺ մեծ օրակարգում, նաեւ քառօրյա նիստերի օրակարգում:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, իրենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկելու են, որպեսզի նա օրակարգում չընդգրկի այդ հարցը, նախքան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը: Դա, ըստ Ա. Ռուստամյանի, թույլ կտա բաց քննարկումներից հետո միայն քննարկման առարկա դարձնել այդ արձանագրությունները, որը նաեւ որոշակի իմաստով կխոչընդոտի արձանագրությունների այս տեսքով վավերացմանը:
NEWS.am-ի դիտարկմանը, թե արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեծամասնությունը կոալիցիայի անդամներն են, եւ եթե նրանք ցանկանան, կարող են շատ արագ եզրակացություն տալ, եւ դա չի կարող խոչընդոտ լինել, դաշնակցական պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ արագ եզրակացություն կլինի»:




























