ՀՅԴ-ն կողմ է, որ հենց այսօր էլ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն, բայց՝ վերապահումներով: Այսօր նման տեսակետ հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: «Իսկ այս տեսքով մենք դեմ ենք արձանագրություններին եւ դեմ ենք լինելու, քանի որ դրանք մեր երկրի ապագայի համար վտանգ են ներկայացնում եւ նախապայմաններ ունեն: Եթե վերապահումներով այդ վտանգները չեզոքացվեն, ոչ մի խնդիր չկա վավերացնելու համար, քանի որ դրանք նաեւ համահունչ կլինեն ՍԴ որոշմանը»,- ասաց նա ու հավելեց, որ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ ուղարկելով՝ չի կատարել ՍԴ որոշումը, քանի որ ՍԴ-ն ասել է, որ այդ արձանագրությունները համապատասխանում են սահմանադրությանը, եթե ընդունում ենք իր իրավական դիրքորոշումները:
Ա. Ռուստամյանը տեղեկացրեց, որ իրենք շրջանառության մեջ են դրել նաեւ միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծ, որով նախատեսվում է ԱԺ-ին իրավունք տալ միջազգային պայմանագրերը վավերացնել վերապահումներով, նաեւ այդ պայմանագրերը կասեցնելու կամ դադարեցնելու հնարավորություն տալ: Բոլոր դեպքերում, ըստ ՀՅԴ պատգամավորի, ԱԺ-ն պետք է մերժի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ գործադիր իշխանությունից պահանջի դրանք ետ բերել վերապահումներով:




























