«Շատերը նախահարձակ լինելը շփոթում են նախապես զիջումներ անելու հետ»,- փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե հանրապետական պատգամավորները մշտապես նշում են, որ Հայաստանը պետք է շարունակի նախաձեռնողականությունն ու նախահարձակ լինի:

Հարցին, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ հանրապետականները սկսել են հայտարարել, թե չի բացառվում, որ հայ-թուրքական արձանագրությունները առաջինը հենց Հայաստանը վավերացնի, կամ դրանք Թուրքիայում ու Հայաստանում զուգահեռ ընթանան, այն դեպքում, երբ մինչ այդ մշտապես հայտարարվում էր, որ ՀՀ-ն կվավերացնի արձանագրությունները միայն Թուրքիայից հետո, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Դա ցույց է տալիս, որ չկա հայեցակարգ այս հարցում, որ Հայաստանը կորցնում է իրավիճակի վրա ազդելու իր լծակները եւ մնացել է միայն գործընթացից դուրս գալը»:

Նրա խոսքով, եթե Հայաստանը հանդես է գալիս գործընթացից դուրս գալու սպառնալիքով, դա նշանակում է, որ Թուրքիան այս գործընթացից ստանալիք ուներ, եւ հիմա մենք սպառնում ենք, որ նա դա չի ստանա: «Բայց չէ որ մենք հայտարարում ենք, որ նախապայմաններ չկան, որ Հայաստանը լուրջ գին չի վճարել: Այդ դեպքում ինչո՞ւմն է սպառնալիքը»,- հռետորական հարց ուղղեց Ա. Ռուստամյանն ու հավելեց. «Ակնհայտ է, որ հայ-թուրքական եւ ղարաբաղյան խնդիրները փոխկապակցված են, եւ տրամաբանական է, որ սկզբում լուծվի հայ-թուրքական հարցը, նոր միայն Ղարաբաղի խնդիրը, որովհետեւ եթե սկզբում լուծվի ԼՂ հարցը, կնշանակի, որ դրանով էր պայմանավորված հայ-թուրքական սահմանի բացումը: Այդ դեպքում էլ ի՞նչ իմաստ ուներ ստորագրել այս արձանագրությունները, քանի որ ԼՂ հարցի լուծումից ու ճանապարհների բացումից հետո, Թուրքիան առանց այդ էլ կբացեր սահմանը»:

Ա. Ռուստամյանը նաեւ կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական արձանագրությունների արագ վավերացումը նշանակում է կախված լինել Թուրքիայի քմահաճույքից: Նրա խոսքով, այդ պարագայում, Թուրքիան կարող է ինքն էլ գնալ վավերացման, սակայն դա կապելով Ղարաբաղի հետ:

«Չվավերացնելն էլ նորմալ չէ, որովհետեւ եթե հավատանք, որ վավերացումը Հայաստանի օգտին է, որ ոչինչ չենք կորցնում, ինչո՞ւ չենք վավերացնում այդ արձանագրությունները»,- ասաց դաշնակցական պատգամավորը: