«Խնդրի լուծմամբ շահագրգիռ գերտերությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա լուրջ խաղադրույքներ են արել, այլապես միջազգային շրջանակներում հարցն այսքան մեծ հնչեղություն չէր ստանա»,- փետրվարի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նշելով, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «գլխավոր հովանավորներն են»՝ քաղաքագետն ընդգծեց, որ նրանք երկուսն էլ կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն, չնայած այն բանին, որ «նրանց դերերն այս խաղում մի փոքր տարբեր են, այնուամենայնիվ, երկուսն էլ խաղը տանում են միեւնույն ուղղությամբ»։
Անդրադառնալով միջազգային ճնշումներին՝ Ալ. Իսկանդարյանը հայտարարեց, որ Թուրքիայի վրա հատկապես ԱՄՆ ճնշումներն ավելի ու ավելի զգալի են դառնում։ «Դրա վկայություն է նաեւ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկումը»,- նկատեց Ալ. Իսկանդարյանը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ապրիլյան ելույթում դժվար թե արտասանի «ցեղասպանություն» բառը։ «Այդ երկրի մեկ այլ նախագահ՝ Ռեյգանը, մեկ անգամ արդեն արտասանել է այդ բառը, սակայն դրանից ոչինչ չի փոխվել»,- հիշեցրեց քաղաքագետը։ Նրա խոսքով, Ռուսաստանի ճնշումները Թուրքիայի վրա ավելի մեղմ բնույթ կարող են կրել, ինչը պայմանավորված է այդ երկրների՝ տնտեսության ոլորտում՝ ընդհանրապես եւ էներգետիկայի ոլորտում՝ մասնավորապես, ծավալած սերտ համագործակցությամբ։
«Բայց որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ճգնաժամն ակնհայտ է, ոչ ոք չի կարող չհամաձայնել այդ փաստի հետ։ Գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Թուրքիա մտադիր չէ իր խորհրդարանում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները»,- ամփոփեց քաղաքագետը։




























