Այն բանից հետո, երբ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները, տպավորություն էր ստեղծվել, թե Թուրքիան հաջողությամբ կյանքի է կոչում իր «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը, գրում է բրիտանական The Economist պարբերականը:

Պարբերականը նշում է, որ «հին թշնամիները որոշեցին բացել սահմանները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ հաղթահարել նախկինի մնացուկները՝ պատմական արխիվների եւ փաստերի ուսումնասիրման կառավարական ենթահանձնաժողով ստեղծելու միջոցով: Սակայն հին թշնամությունը հենց այնպես չի հաղթահարվում: Ողիղ մեկ օր անց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ կարգավորման գործընթացը չի իրականացվելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքերը Ադրբեջանի „օկուպացված“ տարածքներից»:

Պարբերականը նշում է նաեւ, որ Թուրքիան այժմ էլ նոր ուժով է զայրացել Հայաստանի ՍԴ որոշումից:

The Economist-ն ընդգծում է, որ "Վաշինգտոնը ուշադիր հետեւում է գործընթացի զարգացմանը, եւ եթե այն ձախողվի, ԱՄՆ կոնգրեսը կարող է քվեարկել 1915 թվականի հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման օգտին: Դա, իր հերթին, հակաամերիկյան ալիք կառաջացնի Թուրքիայում, որով այդ երկրի իշխանությունները ստիպված կլինեն պատասխանել ԱՄՆ-ին: Մասնավորապես, Թուրքիան կարող է պահանջել, որպեսզի ամերիկյան ռազմաօդային ուժերը լքեն Ինջիրլիկի ռազմաբազան: