Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 19-ին պետք է քննարկեր խորհրդարան ներկայացված, երկկողմ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները, սակայն քննարկում, որպես այդպիսին, տեղի չունեցավ:
Բուռն քննարկումների արդյունքում հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի առաջարկով, որոշեց աշխատանքային խումբ ստեղծել՝ ամեն խմբակցությունից մեկական անդամով, արձանագրություններն առավել խորը, բազմափուլ ընթացակարգով քննարկելու առաջարկություններ ներկայացնելու համար:
Հանձնաժողովը ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջարկով որոշեց նաեւ քաղաքական ցանկություն հայտնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ արձանագրությունները քննարկման առարկա չդառնան փետրվարի 22-ին սկսվող քառօրյայի ընթացքում, այլ միայն գլխադասային, այն է՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում համապատասխան եզրակացություն ստանալուց հետո: Ի դեպ, հենց դա է պահանջում «ԱԺ կանոնակարգ» օրենքը, բայց, ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, մեր խորհրդարանը «շատ վատ ավանդույթներ ունի, եւ չի բացառվում, որ Հայաստանի նախագահի կամ արտգործնախարարի պահանջով՝ խորհրդարանը արձանագրությունները քննարկի հենց առաջիկա քառօրյայի ընթացքում»: Նշենք, որ արձանագրություններն ավտոմատ կարգով մտել են ԱԺ քառօրյայի օրակարգ եւ քննարկվելու են՝ անկախ հանձնաժողովի եզրակացությունից:
Նշենք, որ արձանագրություններին հանձնաժողովում անվերապահ կողմ արտահայտվեցին կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերը, անվերապահ դեմ՝ միայն «Ժառանգությունը»: Իսկ ՀՅԴ ներկայացուցիչը հայտնեց, որ իրենք դեմ են, սակայն կողմ կլինեն, եթե արձանագրություններում վերապահումներ արվեն:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է մարտի 12-ին, սակայն չի բացառվում, որ արտահերթ նիստ գումարվի արձանագրությունները քննարկելու համար:
Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, կիսվելով կոալիցիայի վարմունքից իր ստացած տպավորություններով, նկատեց, որ կոալիցիան եւս կողմ է արտահայտվել բազմափուլ քննարկումներին:
«Միգուցե, իրենք էլ ուզում են ուշ վավերացնել: Որոշ նշաններ կան, որ խուսափում են վավերացումից եւ չեն ցանկանում դա անել՝ հուսալով, որ Թուրքիան ինքն էլ չի վավերացնի արձանագրությունները»,- նշեց Սաֆարյանը եւ հավելեց. «Կամ էլ ցանկանում են դիվիդենտներ հավաքել, որ ամերիկյան որեւէ բարձրաստիճան պաշտոնյա գովասանքի խոսքեր ասի իշխանության հասցեին, որ եւս մի քայլ առաջ կատարեցին»:
Նշենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկեց «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին" նախագիծը, որը կառավարության ներկայացմամբ արտահերթ մտել է քառօրյայի օրակարգ: Այդ նախագիծը թույլ է տալիս պայմանագրի կողմին կասեցնել կամ հրաժարվել իր ստորագրությունից՝ մինչեւ այն պահը, երբ պայմանագիրն ուժի մեջ կմտնի: Նախագիծը հանձնաժողովում ներկայացնող ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Ստեփան Սաֆարյանի ճնշման տակ ստիպված էր խոստովանել, որ նախագիծը ներկայացվել է Սերժ Սարգսյանի հրահանգով եւ ուղիղ կապ ունի հայ-թուրքական արձանագրությունների հետ:




























