Ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար հրավեր է ուղարկվել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հրավեր չի ստացել: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը նշեց, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության մի պարզ պատճառով, որովհետեւ Սերժ Սարգսյանը, կատարելով Սահմանադրությամբ նախատեսված հանցագործություն, յուրացրել է իշխանությունը` ընտրությունը կեղծելու միջոցով:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբրետ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենք հրավեր ստացել են, սակայն դեռ վերջնական չի կարող ասել կմասնակցի՞ Ռոբերտ Քոչարյանը երդմնակալության արարողությանը, թե՝ ոչ: Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին նա խոստացել է հայտնել առաջիկա օրերին:

Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ Հայաստանում է: Հարցին, թե հնարավո՞ր է այդ օրերին նա մեկնի արտերկիր, գրասենյակի ղեկավարը նշեց, որ դեռ չի կարող ասել:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին կայանալիք ՀՀ ազգային ժողովի հատուկ նիստին ներկա կլինեն մոտ երկու հազար հրավիրյալներ: Հրավիրյալների թվում կլինեն հասարակական, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, հոգեւոր դասի, ԼՂՀ իշխանությունների եւ հասարակայնության, Երեւանի եւ մարզերի, սփյուռքի ներկայացուցիչներ, գիտնականներ, արվեստագետներ, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների, ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությունների, մարզաշխարհի, բուհերի, գործարար համայնքի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ:

Նշենք, որ ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: