Վերջին 15 օրը հարուստ էր աղմկահարույց եւ խորհրդավոր քրեական իրադարձություններով, որոնք խաթարեցին Հայաստանի քաղաքացիների` առանց այն էլ խաթարված անդորրը: Այդ դեպքերի շուրջ ձեւավորված մթնոլորտն ու խորհրդավորության շղարշն էլ ոչ պակաս բացասաբար են ազդում քաղաքական բուռն շրջանում ապրող մարդկանց վրա:

Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետի մահը առաջին հայացքից սովորական ավտովթար էր, սակայն նախօրեին տարածված տեղեկությունները նոր յուղ լցրեցին դեպքի վրա: Մարտի 19-ին, ժամը 22-ի սահմաններում Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտ, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում շրջվել էր «Լադա պրիորա» մակնիշի ավտոմեքենան: Մեքենայի վարորդը` Սուրենավանի 51-ամյա գյուղապետ Վարդգես Ղազարյանը տեղում մահացել էր: Գյուղապետի եղբայրը` Վազգեն Ղազարյանը նախօրեին սենսացիոն հայտարարություն էր արել` հերքելով թե իրավապահների, թե մարզի պաշտոնյաների հայտարարությունները: Մահացած գյուղապետն այդ օրը Երեւանում մասնակցել էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» ռեստորանում կազմակերպված միջոցառմանը, իսկ վերադարձի ճանապարհին վթարի ենթարկվել: Գյուղապետի եղբոր խոսքով, թե սեւ գույնի մեքենա է եղբոր մեքենայի առջեւը կտրել, սակայն համարները չեն ֆիքսել: Վազգեն Ղազայանի այս հայտարարությունը շտապեցին հերքել թե Արարատի մարզպետը, թե գյուղապետի տեղակալ Ռոբերտ Մկրտչյանը, սակայն Ղազարյանը կրկին պնդել է իր ասածը: Ավելին, վերջինս գյուղապետի տեղակալին մեղադրել է սուտ խոսելու մեջ: Թե որ վարկածն է ճշմարիտը, հուսանք, կպարզի քննությունը, սակայն հստակ է, որ այս դեպքը լուրջ իրարանցում է առաջացրել Արարատի մարզում, եւ ողբերգական ավարտով այս դեպքի համակողմանի ու ամբողջական քննությունը բխում է բոլորի շահերից:

Մարտի 22-ին արտակարգ դեպք էր գրանցվել Հայաստանի Ազգային ժողովի բակում: Ժամը 14։50-ի սահմաններում, Մասիս քաղաքի 25-ամյա բնակիչ Վրեժ Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ ապօրինի մուտք  գործել Ազգային Ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել էր մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք։ Անվտանգության աշխատակիցները վնասազերծել էին նրան, հրազենից կրակոց էին արձակել վերջինիս ուղղությամբ գոտկատեղից ներքեւ՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։ Վրեժ Գալստյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին, իսկ վերջում դատարանի վճռով տեղափոխեցին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց` ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն անցնելու: Նախաքննությամբ պարզվել էր, որ Վրեժ Գալստյանը 2012թ. մայիսի 14-ից հաշվառված է Մասիսի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում` «շիզոֆրենիա պարանոիդ ձեւ, աֆեկտիվ-զառանցական համախտանիշ» ախտորոշմամբ: Առ այսօր հայտնի չեն Վրեժ Գալստյանի` ԱԺ ներխուժելու դրդապատճառները, եւ միայն նրա հիվանդության վկայակոչումը բավարար չէ հասարակության մոտ առաջացած հարցերին պատասխան տալու համար:

Ապրիլի 2-ին տեղի ունեցած սպանությունը, թերեւս, վերջին տարիների ամենաաղմկահարույց դեպքն էր. Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջեւ սպանվել էր գյուղապետը` ՀՅԴ անդամ, արցախյան ազատամարտի անվանի հրամանատարներից մեկը` Հրաչ Մուրադյանը: Դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց` ընդհուպ քաղաքական սպանություն որակվելով: Հրաչ Մուրդյանն իր 8 տարվա պաշտոնավարման ընթացքում, ըստ լուրերի, մշտապես խնդիրներ էր ունեցել հանրապետական իշխանությունների, մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ, իսկ որպես սպանության հնարավոր դրդապատճառ նշվում էր նախորդ տարվա սեպտեմբերին` գյուղապետի ընտրություններից հետո տեղի ունեցած միջադեպը, երբ ծեծկռտուք էր եղել Հրաչ Մուրադյանի եւ վերջինիս հանրապետական մրցակից Արթուր Մուրադյանի կողմնակիցների միջեւ, սպանված գյուղապետն այն ժամանակ վնասվածքներ էր ստացել, սակայն քրգործ այդպես էլ չէր հարուցվել: Երկու օր անց` ապրիլի 4-ին հայտնի դարձավ, որ որպես կասկածյալ ձերբակալվել են երկու եղբայրներ` Արայիկ եւ Արթուր Պետրոսյանները: Ոստիկանությունը դեռ պետք է պարզի` նրա՞նք են արդյոք իրական մարդասպանները, եւ ո՞րն է սպանության դրդապատճառը: Ամեն դեպքում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալի քստմնելի սպանությունը դեռ շատ ջուր կտանի` նախքան ամբողջութամբ բացահայտվելը:

Աղմկահարույց վերջին դեպքը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան»կուսակցությանն անդամակցած Զոհրաբ Զոհրաբյանի վթարն էր: Ապրիլի 3-ին, կեսգիշերին մոտ Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում իրար էին բախվել «Օպել Վեկտրա» եւ «Չերրի» մակնիշի մեքենաները, երեք մարդու` այդ թվում Զոհրաբյանին տեղափոխել էին «Արմենիա» բուժկենտրոն: Նախկին պատգամավորի գրասենյակի փոխանցմամբ, նրա վիճակը ծայրահեղ ծանր է` գանգի ոսկրերի կոտրվածք, թոքերի 2 կողմերի սալջարդ, դեղորայքային կոմա, արհեստական շնչառություն ախտորոշմամբ, մինչդեռ կինը` Արմինե Մարկոսյանը պնդում է, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնացել, ամուսինն էլ գիտակից վիճակում է: Դեպքից անմիաջպես հետո լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե Զոհրաբյանի հետ տեղի ունեցածը ՀՀԿ-ից ԲՀԿ նրա տեղափոխման հետեւանք է (օրեր առաջ, ըստ լրատվամիջոցների, Զոհրաբյանը նույնիսկ ծեծկռտուքի մեջ էր հայտնվել այդ կապակցությամբ):

Զոհրաբ Զոհրաբյանը դեպքից ընդամենը մեկ օր առաջ NEWS.am-ի հետ հարցազրույցում նշել էր, որ «իր մոտ ամեն ինչ իդեալական է»։

Թե ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում հանրապետությունում, կարող է եզրակացություն կատարել ընթերցողը։

Վերջին շրջանի աղմկոտ դեպքերից առանձնացրել էին այսքանը, եւ այսքանն էլ բավական է արձանագրելու, որ տարատեսակ լուրերից ու շրջանառվող շշուկներից խուսափելու միակ եղանակը թափանցիկ ու արդար հետաքննությունն է, քանի որ ոչ արդար քննության ու պատժի հետեւանքով հարազատների մոտ առաջանում է վրեժի զգացում, իսկ քաղաքացիների մոտ տարաբնույթ վարկածներ։ 

Արմեն Գեւորգյան