Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ կոչ է արել ապրիլի 9-ին՝ նախագահի երդմնակալության օրը, համընդհանուր գործադուլ եւ դասադուլ հայտարարել, որտեղ, ըստ նրա, կմասնակցեն բոլոր աշխատավորներն ու ուսանողները: (ֆոտոռեպորտաժ)
Հովհաննիսյանը բոլոր քաղաքացիներին կոչ է արել ապրիլի 9-ին, ժամը 11-ին հավաքվել Ազատության հրապարակում եւ կեսօրին մասնակցել «նոր Հայաստանի հռչակման» արարողությանը:
Նրա խոսքով՝ այդ օրը Երեւանի կենտրոնում կհավաքվեն մարդկ Հայաստանի բոլոր մարզերից եւ սփյուռքից եւ «թող ոչ մեկը չհամարձակվի հատուկ ջոկատի լրացուցիչ ուժեր բերել»:
Հովհաննիսյանը կրկին հայտարարել է, որ ինքն ու իր թիմը հանդես են գալիս փետրվարի 18-ի ստորության դեմ, նկատի ունենալով նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքները: «Մենք չենք չենք ների նրան, ով Սահմանադրության վրա կեղծ երդում կտա ապրիլի 9-ին»,-հայտարարել է «Ժառանգության» առաջնորդը:
Նա նշել է, որ Ազատության հրապարակում երդմնակալության արարողությունից հետո համերգային ծրագիր կցուցադրվի, իսկ ժամը 17:00-ին կսկսվի երթ: Հովհաննիսյանը կրկին ընդգծել է, որ մինչեւ ապրիլի 9-ը պետք է կողմնորոշվեն բոլոր քաղաքական գործիչները եւ նրանք, ովքեր ժողովրդի հետ են, այդ օրը պետք է լինեն Ազատության հրապարակում:




























