Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անսպասելիորեն հայտնվել է Ազատության հրապարակում, որտեղ ընթանում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը: Ավելի վաղ, Երեւանի ավագանու ընտրություններում համատեղ հանդես գալու փորձերի ձախողումից հետո, ՀՅԴ ներկայացուցիչները բավական երկար ժամանակ բոյկոտում էին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման հանրահավաքները, սակայն այսօր Ազատության հրապարակի հարթակում հայտնված Արմեն Ռուստամյանը վստահեցրել է, որ թեեւ ընդդիմության համախմբան փորձը չստացվեց, չի կարելի ասել, որ ամեն ինչ կորած է եւ կարելի է համագործակցել արդեն ընտրություններից հետո:

Ստորեւ ներկայացնում ենք Ռուստամյանի ելույթն Ազատության հրապարակում.
«Մի քանի շաբաթ Դաշնակցությունն այս հարթակից ելույթ չի ունեցել: Բայց մենք հրապարակում ենք եղել: Մենք այստեղ ենք միշտ:

Ժողովրդի իշխանությանը հասնելու` ընդդիմադիր շարժումն այսօր ունի երկու հանգրվանային արդյունք արձանագրելու լուրջ հնարավորություն՝

- ստիպել իշխանություններին հստակ ժամանակացույցով սկսել պետական համակարգի խորքային եւ արմատական վերափոխումը,

-գալ իշխանության Երեւան քաղաքում:

Այս երկու գործընթացները միմյանց փոխլրացնող են, կարող են շարժում  հունավորել ու կազմակերպել եւ ժողովրդի համար կոնկրետ շոշափելի արդյունք ապահովել:

Առանց այդպիսի արդյունքի մյուս տիպի գործընթացները կարող են կա'մ, մարդկանց մեջ հուսահատություն առաջացնելով, մաշել շարժումը, կա'մ, տանելով արյունալի բախումների, հասցնել զոհերի:

Ինչ վերաբերում է առաջին նպատակին:

Այսօր իշխանությունների կողմից դրսեւորվող` բանակցելու պատրաստակամությունը, իհարկե, լավ է, բայց չի կարող գոհացուցիչ լինել եւ չի հանգեցնի պարբերաբար  կրկնվող հետընտրական լարվածությունների թուլացմանը, քանի դեռ իշխանությունները խուսափում են ընդունել երկրում կուտակված խնդիրների ողջ ծավալն ու լրջությունը եւ դրանց ծնող պատճառները վերացնելու անհրաժեշտությունը:

Իսկ բոլոր ցավերի եւ անարդարությունների պատճառների պատճառը, բազմիցս ասել ենք,  մեկն է՝ իշխող կուսակցության եւ պետության նույնացումը: Սրա պատճառով է, որ պետությունը ժողովրդին ծառայելու փոխարեն ծառայում է վարչախմբին եւ նրան սպասարկող շրջանակին: Ահա բոլոր անարդարությունների աղբյուրը:

Եվ հենց սա է, որ իշխանությունները խուսափում են ընդունել:  Մեզ առաջարկում են երկխոսություն, բայց անհասցե եւ մակերեսային փոփոխությունների  շուրջ:

 Մենք կտրականապես դեմ ենք դրան եւ մերժել ենք այդ առաջարկը: Մենք չենք պատրաստվում ներքաշվել այնպիսի մի  անպտուղ եւ ինքնանպատակ երկխոսության մեջ, որից օգուտ չունի հայ ժողովուրդը:

Այո, մեզ պետք են սահմանադրական բարեփոխումներ, բայց հստակ ուղղվածությամբ, որ վերջ դնեն նախագահական այս միահեծան իշխանությանը եւ հաստատեն կառավարման խորհրդարանական համակարգ:

Այո, մեզ պետք են ընտրական բարեփոխումներ, բայց հստակ նպատակով, որ վերջ դնեն իշխանության վերարտադրումն անընդհատ ապահովող այս խայտառակ մեծամասնական ընտրակարգին եւ քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը տան լուրջ գործիքներ՝ փաստելու ընտրախախտումների անհրաժեշտ ծավալն ու անվավեր ճանաչելու կեղծված ընտրությունները:

Վերջապես, Հայաստանում պետք է ավանդույթ դառնա՝ տրամադրել ընդդիմությանը օրենքի ուժով իշխանություններին վերահսկելու եւ հակակշելու հնարավորություն:

Այսօր, հակառակ ավանդույթի, զոհ ենք բոլորս, երբ իշխանությունները, չկաշկանդվելով եւ չվերահսկվելով,  դառնում են անսանձ ու ամբարտավան՝ այլասերելով իրենք իրենց ու իրենց շրջապատին:

Հետեւաբար, եթե շատ հակիրճ ձեւակերպենք, նոր երկիր ու պետություն ունենալու` Դաշնակցության պատկերացումը, սա է՝ նոր կառավարման համակարգում, նոր ընտրակարգով նոր խորհրդարանի ընտրություն՝ օրենքով տրամադրելով ընդդիմությանը իշխանություններին զսպելու կոնկրետ լիազորություններ:

Սա հենց այն՝ մեր առաջարկած հանգրվանային ձեռքբերումներով ընթանալու ճանապարհն է, որն անխուսափելիորեն կբերի ժողովրդի իշխանության հաստատմանը երկրում` բոլոր մակարդակներով:

Հենց այսպիսի մի հանգրվան է հատկապես մայիսի 5-ը՝ հաստատելու ընդդիմության իշխանությունը Երեւան քաղաքում:

Դժվար է գերագնահատել դրա նշանակությունը թե° մեր այս ընդդիմադիր շարժման եւ թե° հատկապես երեւանցիների ու մեր երկրի ժողովրդավարացման համար:

Մի բան է ընդդիմության ներուժը եւ ժողովրդային շարժումը առանց այսպիսի լծակի, բոլորովին այլ՝ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու պարագայում: Հաճախ ժողովրդավարական գործընթացները հզոր թափ են ստացել հենց այդ ճանապարհով: Եվ պատահական չէ, որ իշխանություններն ամեն ինչ արել եւ անելու են, որպեսզի նսեմացնեն քաղաքական նշանակությունն այս ընտրությունների՝ դրանք ներկայացնելով որպես զուտ տեղական նշանակության միջոցառում, որը կոչված է լուծելու սոսկ թաղային կենցաղ-սպասարկման հարցեր:

Իհարկե, հատուկ անտեսվում է այն, որ խոսքը մայրաքաղաքի մասին է, որտեղ կենտրոնացված է երկրի գրեթե ողջ ռեսուրսը, որ մայրաքաղաքի կառավարումը իրականացվում է այդ պատճառով հատուկ օրենքով, որ այդ օրենքով նախատեսված` քաղաքապետի եւ ավագանու բազմաթիվ լիազորություններ լիարժեք չեն իրացվում, որովհետեւ, ներկայացնելով նույն կուսակցությունը, այդ սուբյեկտները ընտրվածից փաստացի վերածվում են իրենց վերադասի կողմից  նշանակվածների: Սրա վկայությունն է, որ  4 տարվա ընթացքում երեք քաղաքապետ են փոխել:

Ընդդիմության հաղթանակի դեպքում նման իրավիճակ չէր կարող լինել:

Ճիշտ հակառակը` վերջ կդրվի իշխանության այս միահեծան դրվածքին: Ավելին` ընդդիմությունը հնարավորություն կունենա ցույց տալու, թե ինչպես կարելի է ժողովրդի իշխանությունը, թեկուզեւ առանձին վերցրած մի տարածքում հաստատելով, հասնել ավելի լավ կառավարման եւ օրինականության ու կարգուկանոնի հաստատման:

Ահա այս պատճառով է, որ ընդդիմությունը, ի հեճուկս իշխանությունների, պետք  է կարողանա առավելագույնս քաղաքականացնել այս ընտրապայքարը:

Որովհետեւ սա պայքար չէ ավագանիում մի քանի տեղ ունենալու համար, սա պայքար է ժողովրդին ներկայացնող ընդդիմության իշխանությունը Երեւանում հաստատելու համար: Իսկ Երեւանում ձեռք բերված իշխանությունը կդառնա Հայաստանում ամբողջական իշխանափոխության համար մղվող պայքարի հզոր միջնաբերդը:

Այս վճռականությունն է ուզում մեր ժողովրդին հաղորդել Դաշնակցությունը իր կարգախոսով՝ ¦Երեւա°ն, փոխի°ր Հայաստանը§:

Սիրելի° ժողովուրդ, մայիսի 5-ին շատ իրական է գալ իշխանության Երեւանում: Դրա համար մեզ պետք է համախմբված պայքար լայն ճակատով: Եվ պայքարը չի սահմանափակվում միայն Երեւանով: Մարզերից այսօր պետք է քաջալերեն երեւանցիներին` ակտիվորեն մասնակցելու ընտրություններին, որովհետեւ սա հաղթանակ կբերի նաեւ մարզերին:

Ոչ իշխանական ուժերի համախմբումը նախընտրական դաշինքի մեջ, ցավոք, չստացվեց: Բայց ամեն ինչ դեռ առջեւում է,  եւ  ոչինչ դեռ կորած չէ:

Այն, ինչ չստացվեց անել նախընտրական դաշինքով, կարելի է անել հետընտրական դաշինքի միջոցով՝ նախապես հայտարարելով դրա մասին: Սա հնարավորություն կտա կողմնորոշել եւ համախմբել ընդդիմադիր ընտրազանգվածը եւ էապես փոքրացնել իշխանության դաշտը: Այսպիսով, քվեարկությունը Երեւանում կարելի է վերածել իշխանությանը անվստահություն հայտնելու հանրաքվեի: Իսկ դա կերաշխավորի, որ եթե անգամ չհաջողվի  ուղղակի ընտրությամբ ընտրել  ընդդիմադիր քաղաքապետին, ապա դրան հասնել անուղղակի ընտրությամբ՝ ավագանու միջոցով:

Մենք պարտավոր ենք չկորցնել այս բացառիկ հնարավորությունը:

Եկեք միասին Երեւանով փոխենք Հայաստանը»: