Ընդդիմադիր գործիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին Ազատության հրապարակ կգա ողջ ընտանիքով: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում:

Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակում մարդկանց բացակայությունը Սերժ Սարգսյանի շրջապատի կողմից կարող է մեկնաբանվել առնվազն լուռ համաձայնություն իշխանությունների քաղաքականությանը, ուստի Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու, նաեւ նրա ընտանիքի անդամների պարտքն է այդ օրը լինել Ազատության հրապարակում:

«Այդ օրը Սերժ Սարգսյանը նեղ շրջապատում երդվելու է, իսկ Երեւանի կենտրոնում պետք է հավաքվեն հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք կհայտարարեն, որ չեն ընտրել նրան եւ չեն ճանաչում նրան որպես պետության ղեկավար: Եթե մեզ հաջողվի հասնել այդ նպատակին, դա երկրում նոր քաղաքական իրավիճակ կստեղծի, որի հետ չեն կարող հաշվի չնստել գերտերությունների առաջնորդները: Այդ առումով, հնարավոր սցենարների մասին ես հիմա չեմ ուզում խոսել»,-ամփոփել է Փաշինյանը: