Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանն, այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 20:00-ի սահմանններում գիտակցության է եկել: Այս մասին նշում է նրա մամուլի ծառայությունը՝ հիշեցնելով, որ նա այժմ բուժում է ստանում «Արմենիա» բժշկական կենտրոնում:

«Բժիշկների միջամտությունից հետո կրկին Զոհրաբյանին դեղորայքային կոմայի մեջ են ընկղմել: Բժիշկների հավաստմամբ՝ Զոհրաբյանի վիճակը կայուն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ «Զոհրաբ Զոհրաբյանը փորի տրավմա, ձեռքի եւ գանգի ոսկրերի կոտրվածք, թոքերի 2 կողմերի սալջարդ, դեղորայքային կոմա, արհեստական շնչառություն ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա»  բ/կ-ում, իսկ ընդհանուր վիճակը գնահատվում է ծայրահեղ- ծանր-կայուն»:

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: