Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին` այսօր` ապրիլին 7-ին ժամը 19.00-ին, Հայ ազգային կոնգրեսը նախատեսում է հավաքվել Սարյանի պուրակում, շնորհավորել միմյանց կանանց միամսյակի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցումա սաց ՀԱԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանը:

«Քանի որ կանանց միամսյակի վերջին օրն է, մենք մեր բնակչությանը չենք անհանգստացնի դռնեդուռ քարոզչության պատճառով»,- ասաց նա:Դրանից հետո հավաքվելու են թիմով, քննարկեն քարոզչության մանրամասները, ստրատեգիան: Բուն քարոզչությունը, Զոյա Թադեւոսյանի խոսքով, նախատեսում են սկսել երկուշաբթի օրվանից: Նրանք մտադիր են քարոզչության առաջին 10 օրը 13 շտաբերի եւ ենթաշտաբերի միջոցով դռնեդուռ քարոզչություն իրականցնել, բաժանել քարոզչության նյութեր, բակային հանդիպումներ անցկացնել բնակիչների հետ:

«Ավելի շատ տներ կմտնենք, կփորձենք հնարավորինս շատ շփվել բնակչության հետ»,- նշեց Զոյա Թադեւոսյանը:

Հաջորդ տասը օրը ՀԱԿ-ը մտադիր է հանրահավաքներ անցկացնել Երեւանի տարբեր վարչական շրջաններում եւ այն ամփոփել համաքաղաքային հանրահավաքով:

ՀԱԿ-ը այդ առթիվ դիմել է Երեւանի քաղաքապետարան` մայիսի 2, 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 6 կուսակցություն եւ մեկ դաշինք է առաջադրվել` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված 6 կուսակցությունների եւ մեկ դաշինքի ներկայացրած համամասնական ցուցակները:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am