Կանայք ուժ կտան Երեւանի ավգանու ընտրություններում Արմեն Երիցյանին, որ հաղթենք այս ընտրություններում: Պատահական չէ, որ նախընտրական քարոզարշավը սկսվեց ապրիլի 7-ին: Այս մասին այսօր` ապրիլի 7-ին ՕԵԿ նախընտրական քարոզարշավի բացմանը ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով, իրենք ընտրել են մրցունակ թիմ եւ կարող են արձանագրել հաջողություններ: «Երեւանի ընտրություններում մենք առաջադրել են երեւանցի թեկնածու, ինչը շատ կարեւոր է, քանի որ նա պետք է ծանոթ լինի գրված եւ չգրված օրենքներին»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ բազմաթիվ լուսավոր ծրագրեր են ներկայացնում: «Լավ տրամադրությամբ սկսում ենք այս օրը եւ լավ տրամադրությամբ ու հաղթանակով էլ կավարտենք»,- ավելացրեց Արթուր Բաղդասարյանը:

Ներկայացնելով ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույթները` նա նշեց, որ իրենք կարեւոր են համարում Երեւան քաղաքի կառավարման սկզբունքներն ու կազմակերպումը,  աշխատատեղերի ստեղծումը, զբաղվածության ենթակառուցվածքների  հիմնումը, սոցիալական ոլորտի գործառույթների արդիականացումը, կոմունալ բնակարանային տնտեսության բարեփոխումը, կապի, հեռահաղորդակցության եւ տրանսպորտի զարգացումը, Երեւանի կառուցապատումը, բարեկարգումն ու բնապահպանությունը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am