Այսօր` ապրիլի 7-ի առավոտյան, ժամը 9:30-ին Գյումրիի Թատերական հրապարակից մեկնարկել է դեպի Երեւան քայլարշավը, որին այս պահին մասնակցում են մոտ երկու տասնյակ անձինք: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ նշեց քայլարշավին մասնակցող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արդեն իրենք անցել են Ազատանը:

«Գալիս ենք: Դժբախտաբար մեր ոստիկանությունը «որակյալ» աշխատել է այս օրերի ընթացքում, նախնական հայտ ներկայացրած շատ անձինք չեն մասնակցում, բայց ոգեւերոությունը կա, եւ այլ վայրերից եւս միացողներ կլինեն»,- նշեց նա: Ըստ Մարտիրոսյանի, քայլարշավը կազմակերպվել է քաղաքացիական նախաձեռնությամբ: «Ինձ ընդամենը հրավիրել են, եւ ես տվել եմ իմ համաձայնությունը: «Ժառանգության» անդամներ, կարծես չկան, այս պահին դեռ տեղեկացված չեմ: Բայց շատ ակտիվ քաղաքացիներ են»,- նշեց Մարտիրոսյանը:

«Պատկերացրեք որքան մեծ է մարդկանց վրդովմունքը իշխանություններից, որ պատրաստ են 120 կմ ոտքով գալ եւ իրենց բողոքը արտահայտեն, մասնակցեն Նոր հայաստանի երդման արարողությանը: Մեր քաղաքացիները իսկապես վաղուց հոգնել են իշխանություններից»,- նշեց նա: Ըստ Մարտիրոսյանի, սա երկրորդ մարաթոնն է, առաջինը 1988թ. Լորիս Ճգնավորյանն էր իրականացրել: «Սա հակառակ ուղղությամբ քայլարշավն է, այս դեպքում Գյումրին իր 77 տոկոս հաղթանակը բերում է Երեւան: Հայրաքաղաք եւ մայրաքաղաք միասին սկսում ենք փոխել մեր երկիրը»,- նշեց նա: