Ի դեմս Արմեն Երիցյանի ՕԵԿ-ը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է ամենամրցունակ թեկնածուով: Այս մասին այսօր` ապրիլի 7-ին ՕԵԿ նախընտրական քարոզարշավի բացմանը ասաց Երեւանի ավագանու ընտրություններում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:
Նրա խոսքով, հայտնի արտահայտությունը, որ մարդկանց մասին դատում են նրանց գործերով, Արմեն Երիցյանի համար շատ բնորոշ է: «Արմեն Երիցյանը տարիներ շարունակ կարեւոր պաշտոններ է զբաղեցրել պետական կառավարման համակարգում եւ միշտ արդարացրել իրեն վերապահված պատասխանատվությունը: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի աշխատանքը յուրաքանչյուրիս աչքի առջեւ է: Նրա աշխատանքը ցույց տվեց, որ նա համակարգ կայացնող գործիչ է: Իսկ Երեւանին այսօր առաջին հերթին այդպիսի քաղաքապետ է անհրաժեշտ»,- ասաց Հովհաննես Շահինյանը եւ հավելեց, որ մենք նրան պարտավոր ենք վստահել Երեւանի կառավարումը, ինչպես Արտակարգ իրավիճակների հաղթահարման դժվարին գործը:
Շահինյանի խոսքով, մենք Երեւանը պետք է կարողանանք դարձնել, ոչ թե սպառող, այլ արարող մարդկանց քաղաք եւ մայրաքաղաք: «Պետք է ինքներս մեզ եւ բոլորին ապացուցենք, որ մենք կարող ենք ավելին»,- ընդգծեց Հովհաննես Շահինյանը:



























