Ապրիլի 7-ից Երեւանի բոլոր վարչական շրջաններում գործարկվեցին մայրաքաղաքի 1500 ցայտաղբյուրները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե դեռ նախորդ տարի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի ջրային կառույցների նորոգմանն ու գործարկմանը զուգահեռ՝ նորոգվեցին նաեւ կենտրոնական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ բակային տարածքներում առկա բոլոր ցայտաղբյուրները: Դրանցից մի մասի գործարկման համար, ի դեպ, անհրաժեշտ եղավ հիմովին նորոգել ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը:
Մինչեւ ուշ աշուն, մայրաքաղաքի տարբեր հատվածներում կգործեն երեւանյան կոլորիտի այլեւս անբաժան մաս կազմող ցայտաղբյուրները՝ զովացնելով ու հագեցնելով ինչպես երեւանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի ծարավը:
Քաղաքապետարանի կողմից Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ այսօր Հանրապետության հրապարակում երեկոյան ժամը 19:00-ին կազմակերպված տոնական համերգային ծրագրի շրջանակում, կգործարկվեն նաեւ Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու ջրային կառույցները:



























