Շիրակի ոստիկանները փորձում են խափանել Գյումրի-Երեւան քայլարշավը` զանգերով անհանգստացնելով երթի մասնակիցներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ, Երեւան» դաշինքի ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով, «հերիք չէ, որ ոստիկանները վերջին օրերին դռնեւդոռ ծրագիր են արել` ակտիվ անձանց հրահանգելով չմասնակցել քայլարշավին, հիմա էլ ոստիկանության Շիրակի մարզային վարչության թաղային տեսուր ոմն Հայկ Չիչակյանը անընդհատ զանգահարում եւ անհանգստացնում է երթի մանսակիցներից մեկին` Արթուր անունով»: «Նա նաեւ հարազատներին է խառնել, եւ երթի մասնակցի հարազատները եւս զանգահարում եւ հորդորում են չմասնակցել ակցիային»,- նշեց Մարտիրոսյանը` դատապարտելով նման գործելաոճը:
Նա նաեւ հայտնեց, որ ներկայումս քայլարշավի մասնակիցներն արդեն հասել են Մարալիկ, եւ նրանց թիվն աճել է մինչեւ երեսունի:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 7-ի առավոտյան, ժամը 9:30-ին Գյումրիի Թատերական հրապարակից մեկնարկել է դեպի Երեւան քայլարշավը, որի մասնակիցները մտադիր են ոտքով հասնել Երեւան եւ ապրիլի 9-ին մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:
Լուսանկարը` Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի



























